Հայաստանի հատուկ պահպանվող տարածքների՝ արգելոցների, ազգային պարկերի ու արգելավայրերի հանդեպ պատշաճ խնամք տանելու համար պետության կողմից հատկացված միջոցները բավարար չեն:
Այս մասին «Ազատության» հետ զրույցում ասաց Բնապահպանության նախարարության բնության հատուկ պահպանվող տարածքների կառավարման բաժնի պետ Արամ Աղասյանը:
Այսօր Հայաստանում կա 3 արգելոց, 4 ազգային պարկ և 26 արգելավայր: Հայաստանի շուրջ 13 տոկոսը հատուկ պահպանվող տարածք է համարվում: Ըստ Աղասյանի, այդ տարածքների պահպանությունը արդյունավետ չէ, մասնավորապես, հնարավոր չի լինում խուսափել անտառահատումներից և որսագողությունից, քանի որ մեկ տեսուչը հսկում է մինչև 1000 հեկտար տարածք:
Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Կարեն Մանվելյանը ևս փաստում է՝ պետության հատկացրած միջոցներն իսկապես բավարար չեն վերահսկելու տարածքներն ու կանխել Կարմիր գրքում հայտնված կենդանիների որսը: Այդ մասին է վկայում նաև այն փաստը, որ վերջերս «Արևիկ» ազգային պարկից գողացել են իրենց տեղադրած 4 տեսախցիկները, որոնց օգնությամբ նկարահանում էին Կարմիր գրքում ընդգրկված կենդանիներին:
Կարեն Մանվելյանն ասում է, որ առանց Բնության համաշխարային և Կովկասի բնության հիմնադրամների ֆինանսավորման, Հայաստանում շատ դժվար կլիներ բարելավել պահպանվող տարածքների վիճակը:
Մանվելյանը նշում է, որ տասնյակ տարիներ չեն ավելացել բնության հատուկ պահպանվող տարածքները, Հայաստանի 13 տոկոսի փոխարեն, այսօր հատուկ պահպանվող պետք է լիներ 15 տոկոսը: Այսօր դրա հնարավորությունը չկա, քանի որ պահպանման ենթակա տարածքներում հանքեր են շահագործվում:
«Այդ տարածքները մենք չկարողացանք մտցնել հատուկ պահպանվող տարածքների մեջ»,- ասաց Մանվելյանը։
Բնապահպանության նախարարության ներկայացուցիչ Արամ Աղասյանը, անդրադառնալով որսագողության խնդրին, ընդամենը երկու դեպք մատնանշեց:
Նա խոսքով, հատուկ պահպանվող տարածքներում վերահսկողությունը բարելավելու համար անհրաժեշտ է ավելացնել պետական հատկացումները, մասնավորապես բարձրացնել աշխատողների աշխատավարձերը, քանի որ մարդկանց համար շատ դժվար է հսկել հազարավոր հեկտարներ, միևնույն ժամանակ ստանալ ընդամենը 50-60 հազար դրամ աշխատավարձ: