ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը ուրբաթ օրը հանդիպել է Հայաստանում Իրանի դեսպան Մոհամմադ Ռեիսիին:
Նախարարության լրատվական ծառայության փոխանցմամբ՝ հանդիպման ընթացքում կողմերը կարևորել են ճանապարհաշինության և հեռահաղորդակցության ոլորտներում երկու երկրների միջև գոյություն ունեցող հարաբերությունները, նշվել է, որ առաջիկայում համատեղ բազմաթիվ ծրագրեր կան իրագործելու, որոնցից են Հայաստանի հարավային երկաթուղու կառուցումը և երկաթուղային ցանցի միացումը իրանական ցանցին:
Ռեիսին ընդգծել է ճանապարհաշինական մի շարք ծրագրերի, մասնավորապես, «Հյուսիս-հարավ» ծրագրի կարևորությունը, միաժամանակ տեղեկացրել, որ իրանական կողմից ևս կառուցվում է բարձրակարգ արագընթաց ճանապարհ դեպի Հայաստանի սահման, որը հետագայում լուրջ համագործակցության հնարավորություն կընձեռնի տրանսպորտի բնագավառում:
Գագիկ Բեգլարյանը նշել է, որ հայկական կողմը պատրաստ է անել հնարավորինը լայնաշերտ ինտերնետի տարանցման երկկողմ հնարավորությունները զարգացնելու և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում Իրանի հետ համագործակցությունը խորացնելու նպատակով: