ԱՄՆ Պետդեպարտամենտի փոխխոսնակ Մարի Հարֆը այսօր լրագրողների հետ կայացած բրիֆինգի ժամանակ հայտնել է, որ վիզաների տրամադրման համակարգում տեխնիկական խնդիրների շտկման համար շաբաթներ կպահանջվեն:
Հարֆի խոսքով` հուլիսի 20 - 28-ը՝ այն ժամանակահատվածում, երբ խնդիրներն ի հայտ եկան, այդուհանդերձ, ավելի քան 180 հազար մուտքի արտոնագիր է տրամադրվել ամբողջ աշխարհում: Նա, միևնույն ժամանակ, նշել է, որ եթե համակարգում խնդիրներ չառաջանային՝ այդ թիվը կկազմեր 370 հազար:
Հարֆը հայտնել է, որ վիզաների տրամադրման գործընթացում շարունակում են առավելությունը տալ ներգաղթյալներին՝ ներառյալ որդեգրման դեպքերը: