Հայկական զինված ուժերի հետ փոխհրաձգության հետևանքով 9 ադրբեջանցի զինծառայող է զոհվել, ևս 5-ը՝ վիրավորվել: Այդ մասին հաղորդում է APA լրատվական գործակալությունը՝ վկայակոչելով Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը:
Ադրբեջանական կողմի վկայությամբ՝ 8 զինվորներ, որոնցից 6-ը՝ ժամկետային, 2-ը՝ պայմանագրային զինծառայողներ, զոհվել կամ մահացու վիրավորվել են անցած գիշեր, երբ հայկական ստորաբաժանումները «փորձել են ներթափանցել ադրբեջանական բանակի վերահսկողության տակ գտնվող տարածքներ» Աղդամի և Թերթերի շրջաններում: Նույն աղբյուրի պնդմամբ՝ այդ փորձը կանխվել է, և կատաղի փոխհրաձգությունից հետո «թշնամական ստորաբաժանումները լուրջ կորուստներ են կրել ու նահանջել»: «Ցավոք, Ադրբեջանի զինված ուժերը ևս կորուստներ են կրել», - ասված է հաղորդագրությունում:
Ադրբեջանական զինված ուժերի մի ենթասպա էլ, այդ երկրի ռազմական գերատեսչության փոխանցմամբ, հայկական կողմից արձակված կրակոցով սպանվել է երեկ ժամը 20-ին հայ - ադրբեջանական սահմանին՝ Ղազախի շրջանի տարածքում:
Հայկական կողմը նախորդ գիշեր տեղի ունեցած որևէ միջադեպի վերաբերյալ հաղորդագրություն առայժմ չի տարածել: Փոխարենը, Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարությունը, ի պատասխան ադրբեջանցիների հարձակման մասին իր երեկվա հաղորդագրության՝ Ադրբեջանի պաշտպանության նախարարության կողմից հերքման, այսօր հրապարակել է հարձակում գործած ադրբեջանական խմբից առգրավված իրեղեն ապացույցների մի մասի լուսանկարները:
Հիշեցնենք՝ Ղարաբաղի ռազմական գերատեսչությունը երեկ հաղորդեց, որ նույն օրը հակառակորդը ձեռնարկել է հարձակում Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զորքերի շփման գծի հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետի ուղղությամբ: «Դիրքապահ անձնակազմի կողմից հանդիպելով կազմակերպված դիմադրության, հակառակորդը կրելով բազմաթիվ կորուստներ` հետ է շպրտվել ելման դիրքեր: Ցավոք, գործողության արդյունքում զոհվել են Պաշտպանության բանակի երկու զինծառայողներ», - ասված էր Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարության հաղորդագրությունում:
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը երեկ պնդում էր, թե հայկական կողմի տեղեկատվությունը «անհիմն է»: