Այսօրվանից էլեկտրաէներգիայի սակագինը բարձրանում է մոտ 4 դրամով

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի անդամները հաստատում են գազի և էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացումը, արխիվ

Հոսանքի թանկացման որոշումը չեղյալ հայտարարելու պահանջով երեկոյան երթ կանցկացվի:

Այսօրվանից ուժի մեջ կմտնի Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի՝ էլեկտրական հոսանքը թանկացնելու մասին հուլիսի 1-ի որոշումը, ըստ որի՝ ցերեկը սպառվող էլեկտրաէներգիայի մեկ կիլովատտ/ժամը 38 դրամի փոխարեն կդառնա 41.85 դրամ (մոտ 0․1 դոլար), իսկ գիշերայինը՝ 28-ի փոխարեն 31.85 դրամ:

Իշխանությունների այս որոշման դեմ պայքարող «Ոչ թալանին» քաղաքացիական նախաձեռնությունն այսօր երեկոյան «Լուսավորենք խավարը» երթի միջոցով Մատենադարանից մոմերով կշարժվի դեպի Կառավարության շենք՝ հերթական անգամ իր վրդովմունքը արտահայտելով:

Նախաձեռնության անդամներ Սոֆյա Հովսեփյանն ու Գևորգ Սանոյանը «Ազատության» հետ զրույցում հույս հայտնեցին, որ հանրային ճնշման միջոցով կհասնեն ցանկալի արդյունքների:

«Փորձելու ենք ամեն ինչ անել, որ էս օրենքը, որոշումը կա՛մ չեղյալ համարվի, կա՛մ հստակեցվի: Միգուցե օրինական է, բայց ոչ ոք դա չի հասկանում ու բացատրված չի», - ասաց Սոֆյա Հովսեփյանը:

«Որ քաղաքացին հասկանա, որ միայն ու միայն իրենից է կախված, և որ իր գիտակից պահանջների ներքո միայն կբարելավվի երկիրը: Սա է հիմնական մեր խնդիրը», - նշեց Գևորգ Սանոյանը:

Երթի մասնակիցները Կառավարությունից պահանջելու են ստեղծել անկախ հանձնաժողով՝ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի հուլիսի 1-ի որոշումը վերանայելու համար, ինչպես նաև անփոփոխ թողնել էլեկտրաէներգիայի սակագինը մինչև հանձնաժողովի աշխատանքների ավարտը:

«Փաստեր կային, որոնք ապացուցում են, որ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը, մեղմ ասած, էնքան էլ անկախ չի գործում», - ընդգծեց Գևորգ Սանոյանը:

Քաղաքացիական նախաձեռնությունը կոչ է անում երթին ֆիզիկական մասնակցություն չցուցաբերելու դեպքում տանը նստած միանալ պայքարին․ - «Ժամը 9-ին նախատեսվում է մեկ ժամով, գոնե մեկ ժամով անջատել ընդհանուր էլեկտրաէներգիան, այսինքն՝ հենց իրենց տներից»: