Այսօրվանից ուժի մեջ են մտնում Ռուսաստանի դեմ Եվրամիության սահմանած նոր պատժամիջոցները:
Տնտեսագետների կարծիքով՝ դրանց արդյունքում միայն առաջիկա երկու տարում Ռուսաստանը կկորցնի առնվազն 100 միլիարդ դոլար:
Ռուսաստանի դեմ Եվրամիության պատժամիջոցների նոր փաթեթում է Ռուսաստանի տնտեսության համար առանցքային նշանակություն ունեցող «Սբերբանկ»-ը, ցուցակում են նաև ՎՏԲ բանկը, «Գազպրոմբանկ»-ը, «Վնեշէկոնոմբանկ»-ը և «Ռոսսելխոզբանկ»-ը:
Եվրամիության անդամ երկրների քաղաքացիներին և ընկերություններին այսօրվանից արգելվում է գնել, վաճառել հիշյալ բանկերի բաժնետոմսերը և ընդհանրապես երկարաժամկետ ֆինանսական գործարքների մեջ մտնել դրանց հետ:
Բացի այդ, Եվրամիությունը Ռուսաստանի համար սահմանափակում է նաև նավթային արդյունաբերության համար անհրաժեշտ տեխնոլոգիաների վաճառքը: Այսուհետ նման տեխնոլոգիաներ Ռուսաստանին վաճառելու համար ընկերությունները պետք է հատուկ թույլտվություն ստանան կառավարություններից։
Արգելված է զենքի և ռազմական տեխնոլոգիաների վաճառքը Ռուսաստանին, սակայն միայն նոր կնքվելիք գործարքների համար: Նախկին գործարքներն իրագործվելու են: Այսպես, օրինակ, Ռուսաստանն այդուամենայնիվ ստանալու է ֆրանսիական «Միստրալ» համակարգերը:
Փորձագետները նկատում են, որ Եվրամիության այս՝ երրորդ փուլի պատժամիջոցների փաթեթը ավելի խիստ է, քան ԱՄՆ-ինը: Ամերիկյանում, օրինակ, չկա «Սբերբանկ»-ը: Ընդ որում՝ Եվրամիությունը Ռուսաստանի թիվ մեկ առևտրատնտեսական գործընկերն է:
Տնտեսագետների կարծիքով՝ պատժամիջոցների արդյունքում միայն առաջիկա երկու տարում ռուսական ռուբլին զգալիորեն կարժեզրկվի, և կավելանա առանց այդ էլ հսկայական չափերի հասնող կապիտալի հոսքը Ռուսաստանից:
Իսկ նոր ներդրումների և ծրագրերի մասին կարելի է մոռանալ, քանի դեռ խիստ պատժամիջոցները գործում են, ընդ որում՝ Եվրամիությունը նաև երրորդ երկրներին է կոչ արել միանալ պատժամիջոցներին: