Օհանյանը ԵՄ պատվիրակի ուշադրությունը հրավիրել է շփման գծում տիրող իրավիճակի վրա

Հուլիսի 31-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ընդունել է Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով Եվրամիության նորանշանակ հատուկ ներկայացուցիչ Հերբերթ Սալբերի գլխավորած պատվիրակությանը:

ՊՆ մամուլի ծառայության տարածած հաղորդագրության համաձայն, շնորհավորելով պարոն Հ. Սալբերին` պատասխանատու պաշտոնին նշանակվելու կապակցությամբ, ՀՀ պաշտպանության նախարարը հույս է հայտնել, որ Եվրամիության ներկայացուցչի առաքելությունը կնպաստի հարավկովկասյան տարածաշրջանում առկա հակամարտությունների կարգավորմանը և տարածաշրջանային համագործակցության խթանմանը:

Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ կարծիքների փոխանակման ժամանակ Սեյրան Օհանյանը ներկայացրել է շփման գծում տիրող իրավիճակը` Եվրամիության պատվիրակի ուշադրությունը հրավիրելով հակամարտող կողմերի միջև վստահության ամրապնդման միջոցառումների իրականացման և միջազգային հանրության ջանքերը սպառազինությունների վերահսկման խնդիրներին սևեռելու անհրաժեշտության վրա:

Հերբերթ Սալբերին իր հերթին նշել է, որ Եվրամիությունը միանշանակ ընդունում է ԼՂ հակամարտության լուծման հարցում ԵԱՀԿ Մինսկի խմբի առաջատար դերը, սակայն պատրաստակամ է ուժերի ներածին չափով ներդրում կատարել խաղաղ կարգավորման հասնելու գործում: