Հայաստանը մոտ ժամանակներս կդառնա Եվրասիական տնտեսական միության (ԵՏՄ) լիիրավ անդամ, իսկ Ղրղըզստանի հետ բանակցությունները այդ մասով առաջանցիկ փուլում են: «Ռեգնում» լրատվական գործակալության փոխանցմամբ՝ այդ մասին հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը Դուշանբեում Տաջիկստանի երիտասարդ դիվանագետների հետ հանդիպման ժամանակ:
Հիշեցնենք՝ Հայաստանի վարչապետ Հովիկ Աբրահամյանը այս ամիս ռուսաստանցի գործընկեր Դմիտրի Մեդվեդևի հետ հանդիպումից հետո Եվրասիական միությանը անդամակցության նոր ժամկետ էր նշել, ասելով՝ «2015 թվականից ուժի մեջ է մտնելու»: Մինչ այդ հայտարարվել էր, թե Հայաստանը միությանը անդամակցության փաստաթուղթը կստորագրի հոկտեմբերին, ավելի վաղ ակնկալվում էր, որ դա տեղի կունենա մայիսի վերջին-հունիսի սկզբին, հուլիսի սկզբին: