Վերնիսաժի գործով կալանավորված Վալերի Հովհաննիսյանի մայրը վստահ է, որ ցանկության դեպքում ոստիկանությունը կհայտնաբերեր մոտ երկու ամիս կորած մեքենան:
Վերնիսաժի գործով կալանավորված Վալերի Հովհաննիսյանի փաստաբան Լևոն Բաղդասարյանի կարծիքով՝ միջադեպից հետո անհետ կորած մոտ 70 հազար դոլար արժողությամբ BMW-X6 ավտոմեքենան իրեղեն ապացույցի նշանակություն ունի:
Ինչպես «Ազատությանը» փոխանցեց Հովհաննիսյանի մայրը, Վալերիի հայրը՝ Սամվել Հովհաննիսյանը օրերս գրություն է ստացել ոստիկանությունից կորած մեքենայի վերաբերյալ: Այնտեղ ընդամենը ասվում էր, որ ոստիկանապետը ստացել է Սամվել Հովհաննիսյանի դիմումը:
Մայիսի 17-ին Վերնիսաժին հարակից տարածքում հնչած կրակոցներից շաբաթներ անց՝ հունիսի 12-ին են Վալերի Հովհաննիսյանի հարազատները փորձել պարզել մեքենայի գտնվելու վայրը: Իսկ մեքենայով, ըստ Վալերիի մոր՝ Լիանա Հովհաննիսյանի, ուշ են հետաքրքրվել, քանի որ որդու առողջական վիճակը ծանր էր և միայն նա է եղել իրենց ուշադրության կենտրոնում:
Ոստիկանությանը դիմելուց մեկուկես ամիս անց մեքենայի տիրոջն ընդամենը տեղեկացնելը, թե կորած մեքենայի մասին գրությունը տեղ է հասել, զարմացնում է Լիանա Հովհաննիսյանին: Նա վստահ է, որ ցանկության դեպքում, ոստիկանությունն անմիջապես կհայտնաբերի մեքենան:
«Էդ մեքենան կոդով մեքենա է, իրենք մի ժամվա, երկու ժամվա մեջ կարան հայտնաբերեն: Իրենք լավ էլ գիտեն՝ մեքենան որտեղ է, բայց չեն բերում», - ասաց Լիանա Հովհաննիսյանը:
Ուշագրավ է, որ ոստիկանությունից դեռ որևէ տեղեկություն մեքենայից չկա, այն դեպքում, երբ շաբաթներ առաջ այդ մասին հրապարակավ բարձրաձայնել էր Վալերի Հովհաննիսյանի պաշտպանը:
«Մեքենայի սեփականատերը դիմել է լիազոր մարմնին՝ տեղեկացնելով, որ հայտնաբերեն այդ մեքենան: Նաև կար տեղեկատվություն, որ այդ մեքենայի մեջ եղել են այլ անձինք, նրանց անուններն էլ էր տված եղել, ինչպես նաև մենք կարծում ենք, որ էական նշանակություն կարող է սա ունենալ քրեական գործի համար: Ինչո՞ւ... որովհետև իմ պաշտպանյալի հետ դեպքը եղել է իր այդ մեքենայի մեջ», - «Ազատության» հետ զրույցում ասաց Լևոն Բաղդասարյանը:
Ոստիկանությունը իսկապե՞ս մինչև այսօր տեղեկություն չունի, թե որտեղ է այդ ավտոմեքենան, հետախուզում հայտարարվել է, թե՞ ոչ: «Ազատության» այս հարցերին ի պատասխան ոստիկանությունից ասացին, որ առաջիկա օրերին դրանց կարձագանքեն գրավոր:
«Ինձ թվում է՝ նրանք ընդհանրապես չեն տվել ռոզիսկ մեր մեքենան: Նրանց ձեռք չի տալիս միգուցե, որովհետև իմ տղան խփվել է մեքենայի մեջ: Սպանության փորձ է, ինչի՞ պիտի ձեռք տա իրանց: Դրա համար էլ չեն բերում մեր մեքենան: Չկա մեր մեքենան տվյալ պահին», - ասաց Լիանա Հովհաննիսյանը:
Վալերի Հովհաննիսյանի մայրը պնդեց, որ մայիսի 17-ին դեպքի վայրից BMW մեքենայով հիվանդանոց է գնացել որպես Յուվեցի Կարո հայտնի պատգամավորի փեսայի՝ Գոռ Առաքելյանի կրակոցներից տուժած մյուս անձը՝ Ներսես Մելքոնյանը:
Մելքոնյանի պաշտպան Վարդուհի Էլբակյանը, սակայն, ձեռնպահ մնաց հերքել կամ հաստատել այս տեղեկությունը՝ այդ դիրքորոշումը պայմանավորվելով իր պաշտպանյալի նախընտրությամբ:
Վերնիսաժի աղմկահարույց գործով չներգրավված փաստաբան Սեդա Սաֆարյանն «Ազատության» խնդրանքով մեկնաբանեց ավտոմեքենայի անհետացման փաստը:
«Բա մարդը չիմանա իր մեքենան ո՞ւր է: Մեր նախաքննական մարմիններից սկսել եմ ամեն ինչ հավատալ: Մի կողմ ենք թողնում, թե դա դեպքի համար ինչ կարևորություն ունի, բայց գույքի սեփականատերը չիմանա իր գույքը ուր է», - ասաց փաստաբանը:
Նրա խոսքով՝ միայն այս պատմությունը բավարար է հասկանալու համար, որ այս գործի նախաքննությունն ընթանում է խախտումներով: