Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի ղեկավար Ստյոպա Սաֆարյանի համոզմամբ` դիվերսիոն փորձի կրկնությամբ ու սահմանամերձ գյուղերի ռմբակոծությամբ Ադրբեջանը շանտաժի է ենթարկում միջազգային հանրությանը:
Վերլուծաբանը ուշադրություն է հրավիրում նախորդ շաբաթվա երկու քաղաքական իրադարձությունների վրա՝ Բրյուսելում կայացած ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահների և Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումները, ինչպես նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Հերբերտ Սալբերի Բաքվում տեղի ունեցած բանակցությունները: «Կտեսնենք բացահայտ սպառնալիք, շանտաժ միջազգային հանրությանը, թե եթե իրենք Ադրբեջանի պահանջները չբավարարեն, ապա իրավիճակը ավելի կխորանա: Ալիևը գրեթե սպառնացել է միջազգային հանրությանը, որ ինքը չի հանդարտվի», - «Ազատության» հետ զրույցում ասաց Ստյոպա Սաֆարյանը:
Բացի այդ, ըստ Սաֆարյանի, պաշտոնական Բաքվի համար այսօր խնդիր է դիվերսիոն խմբի ճակատագիրը, որի անդամներից մեկը սպանվել է հայկական զինուժի կողմից, երկուսը կալանավորված են: «Ուշադրություն դարձնենք ադրբեջանական լրատվամիջոցներում տարածված այն տեղեկատվությանը, որ այս խմբի ազատ արձակման կամ նրանց իրավունքների հարցը անմիջապես գտնվում է Իլհամ Ալիևի վերահսկողության ներքո», - ասաց Սաֆարյանը՝ շարունակելով․ - «Իրականում այն մարդիկ, ովքեր վնասազերծվել են Լեռնային Ղարաբաղի Քարվաճառի շրջանում, չափազանց լուրջ կորուստ են Ադրբեջանի համար, որովհետև դրանք մարդիկ են, ովքեր այս տարիների ընթացքում շատ լավ կատարել են իրենց ֆունկցիան՝ ամենատարբեր հետախուզական այցելությունների գալով, և Ալիևը, կարծում եմ, չափազանց բորբոքված է, որ այս պահին իրեն չի հաջողվում ոչինչ անել: Ըստ այդմ, եթե նկատենք՝ ձեռքները Ադրբեջանում գցել են ամեն տեղ՝ Դիլհամ Ասկերովի կինը դիմել է Ռուսաստանին, Պուտինին, որ այդ խնդիրը լուծեն, և Ադրբեջանը փորձում է այս եղանակներով ուղղակի իր վրեժը լուծել»:
Եվ վերջապես, երրորդ հանգամանքը, ինչով վերլուծաբանը բացատրում է Ադրբեջանի ագրեսիայի մեծացումը, Հայաստանին վախեցնելու փորձն է․ - «Փորձում են ոչ միայն սեփական հանրության մոտ բարձրացնել իրենց բանակի համբավը՝ որպես հակառակորդին լուրջ ձեռնոց նետող, այլ նաև փորձարկում են Հայաստանին վախեցնելու, խուճապի մատնելու իրենց ռազմավարությունը»: