Վարչապետը «մութ բան» չի տեսնում Որոտանի ՀԷԿ-ի գործարքում

Հայաստանի վարչապետ Հովիկ Աբրահամյանը երեկ Դիլիջան կատարած աշխատանքային այցի ժամանակ հայտարարել է, որ Կառավարությունը Որոտանի ՀԷԿ-ը որևէ այլ երկրի օտարելու նպատակ չունի:

«Նոր կառավարությունն ամեն ինչ անում է, որպեսզի այդ գործարքը կայանա, բայց կայանա ի շահ մեր պետության ու տնտեսության և պահպանվեն օրենքի բոլոր կետերը», - մասնավորապես, ասել է վարչապետը, - «Մենք կարևորում ենք ամերիկյան խոշոր ընկերության կողմից 180 մլն ԱՄՆ դոլարին համարժեք ներդրումը մեր տնտեսությունում: Ինչ վերաբերում է ընկերության նկատմամբ վստահությանը, ապա ես որևէ մութ բան չեմ տեսնում, քանի որ մենք արդեն 2-3 ամիս թափանցիկ աշխատում ենք: Որևէ ճնշում կամ ազդեցություն չկա»։

Կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ Աբրահամյանը հերքել է նաև շրջանառվող լուրերը, թե Կառավարությունը գործարքն ուզում է անվավեր ճանաչել և Որոտանի ՀԷԿ-ը օտարել ռուսական որևէ կազմակերպության:

«Եթե այն անվավեր լինի, քանի դեռ վարչապետ եմ՝ դեմ եմ լինելու Որոտանի ՀԷԿ-ը որևէ այլ երկրի գործարարին օտարելուն: Մենք առաջարկել ենք ամերիկյան կողմին մեր մոտեցումները, սկզբունքորեն այն բոլոր կետերը, որոնց հետ համաձայն չենք: Իրենք կտան կարծիք. եթե կհամաձայնվեն՝ լավ, եթե ոչ՝ գործարքը չի կայանա և չենք օտարի Որոտանի ՀԷԿ-ը», - ասել է նա: