Human Rights Watch-ը նախազգուշացրել է Ուկրաինայի կառավարությանն ու անջատականներին

Human Rights Watch իրավապաշտպան կազմակերպությունը կոչ է արել Ուկրաինային դադարեցնել չկառավարվող հրթիռների օգտագործումը, որոնք, կազմակերպության պնդմամբ, վերջին շրջանի ռազմական գործողությունների ընթացքում 16 քաղաքացիական անձանց կյանք են խլել:

Իրավապաշտպան կազմակերպությունը հայտարարել է, որ թե՛ ուկրաինական բանակը, թե՛ ռուսամետ անջատականները Ուրաինայի արևելքում օգտագործել են «Գրադ» կայանքներ, որոնց համազարկերը սփռվում են մեծ տարածության վրա:

Human Rights Watch-ը զգուշացրել է, որ նման զինատեսակների օգտագործումը բնակելի տարածքներում կարող է դիտարկվել որպես պատերազմական հանցագործություն:

Կիևը հերքել է «Գրադ»-ների օգտագործումը խոշոր քաղաքների մերձակայքում: Սակայն իրավապաշտպան կազմակերպությունը հայտարարել է, որ հուլիսի 12-ից հուլիսի 21-ն ընկած ժամանակահատվածում անջատականների վերահսկողության տակ գտնվող Դոնեցկի դեմ տեղի ունեցած հարձակումների քննությունը բավական վստահելի ապացույցներ է ներկայացրել առ այն, որ «ուկրաինական զինված ուժերը պատասխանատու են եղել «Գրադ» կայանքներից կրակելու համար»:

Human Rights Watch-ի հայտարարությանը նախորդել էր Կարմիր խաչի հայտարարությունն այն մասին, որ Ուկրաինայում քաղաքացիական պատերազմ է ընթանում: Մարդասիրական կազմակերպության այս հայտարարությունը նշանակում է, որ ուկրաինայում ռազմական գործողությունների մեջ ներքաշված կողմերը պաշտոնապես կարող են հետապնդվել պատերազմական հանցագործությունների համար: