Պաշտոնական Ստեփանակերտը պատրաստ է հետևել համանախագահների հորդորներին

Your browser doesn’t support HTML5

Ադրբեջանը դեռևս չի շտապում արձագանքել համանախագահների հորդորներին։

Պաշտոնական Ստեփանակերտը պատրաստակամություն է հայտնում կատարել մարդկային զոհերից խուսափելու իր պարտավորությունները, մեղմացնել լարվածությունը և հավատարիմ մնալ հրադադարի պայմաններին։ Այս մասին «Ազատության» հետ զրույցում ասաց Լեռնային Ղարաբաղի նախագահի խոսնակ Դավիթ Բաբայանը՝ մեկնաբանելով նախօրեին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների տարածած հայտարարությունը։

«Չնայած հակառակորդի ագրեսիվ պահվածքին, մենք պատրաստ ենք հետևել հակամարտության կարգավորմամբ զբաղվող միջնորդների հորդորներին»,- ընդգծեց Բաբայանը.- «Պաշտոնական Սեփանակերտը ինքն է բազմիցս նման հայտարարություններով հանդես եկել, առաջարկել համանախագահներին փոխվստահության մի շարք միջոցների իրականացում, որոնցից մեկը եղել է դիպուկահարների հետ քաշելը, այն որ պետք է ստեղծվել «հանգստի օրեր»՝ միջազգային, ազգային, կրոնական, որպեսզի այդ օրերին կրակոցներ չլինեն։ Բայց հակառակ կողմը ընդհակառակը այդ օրերին ավելի է ավելացնում հրադադարի ռեժիմի խախտումները»։

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները երեկ տարածած հայտարարությամբ խորը մտահոգություն են հայտնել շփման գծում սահմանային լարվածության ու բռնությունների աճի, այդ թվում՝ քաղաքացիական անձանց, իրենց բնորոշմամբ, թիրախավորված սպանությունների կապակցությամբ։ Իգոր Պոպովը, Ջեյմս Ուորլիքն ու Պիեռ Անդրիոն կողմերին կոչ են արել կատարել մարդկային զոհերից խուսափելու իրենց պարտավորությունները և անընդունելի են որակել գյուղերի և քաղաքացիական անձանց նպատակաուղղված թիրախավորումը:

«Մենք պատրաստ ենք մեր չափով ամեն ինչ անել, որովհետև երբ քո դիմացինը ոչ նորմալ կեցվածք ունի, դա չի նշանակում, որ մենք նրա պես պետք է անենք։ Դա նաև չի նշանակում, որ մենք նման հարևան-հակառակորդ ունենալով, պետք է գնանք այնպիսի քայլերի, որ չնչին իսկ թուլանա մեր անվտանգության համակարգը։ Այդպիսի բան չի լինի։ Կոչը լավ կոչ է, ողջունելի է, ուղղակի մյուս կողմը, ըստ ամենայնի, անդրդվելի է։ Քարվաճառի շրջանում վերջին այս ահաբեկչական գործողությունը ևս մեկ անգամ ցույց է տալիս, թե ում հետ մենք գործ ունենք»։

Ադրբեջանը դեռևս չի շտապում արձագանքել համանախագահների հորդորներին։ Փոխարենն այդ երկրում ցույցեր են կազմակերպվում Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի ադրբեջանական ներկայացուցչության գրասենյակի մոտ Քարվաճառում ձերբակալված ադրբեջանցի դիվերսանտների հարազատների մասնակցությամբ, ովքեր հայտարարել են, որ շարունակելու են պայքարը այնքան ժամանակ, մինչև իրենց հարազատները ազատ չարձակվեն։

Մինչ այդ էլ պաշտոնական Բաքուն սպառնացել էր երկրից վտարել Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի Բաքվի ներկայացուցչության աշխատակիցներին, եթե սեղմ ժամկետներում հանդիպում չկազմակերպվի Քարվաճառի տարածքում ձերբակալված ադրբեջանցիների հետ։

Կարմիր Խաչի հետ Ադրբեջանի իշխանությունների բանակցությունները շարունակվում են։ Այսօր այդ երկրի պաշտպանության նախարարն էր հանդիպել կազմակերպության Բաքվի ներկայացուցչի հետ, քննարկվել է նաև ձերբակալված դիվերսանտների հարցը, այլ մանրամասներ չեն փոխանցվում։

Մինչդեռ երեկ Լեռնային Ղարաբաղի արտգործնախարար Կարեն Միրզոյանը հայտարարեց, որ Ղարաբաղը Կարմիր Խաչի հետ դիվերսանտների հարցում որևէ տարաձայնություն չունի։

«Ղարաբաղի կողմը գործում է համապատասխան միջազգային հումանիտար իրավունքի, մասնավորապես, ժնևյան կոնվենցիայի և միջազգային իրավունքի այլ նորմերի»,- ասել է Միրզոյանը։

Հիշեցնենք, հայկական կողմը հայտարարել է, որ գերեվարված դիվերսանտներին ռազմագերու կարգավիճակ տալը անհնար է, ուստի նրանց նկատմամբ քրեական հետապնդում կիրականացվի քրեական օրենսդրությամբ նախատեսված ընդհանուր կարգով:

Ադրբեջանցի երկու դիվերսանտների նկատմամբ մեղադրանք է առաջադրվել ազգային ատելության շարժառիթներով մարդուն առևանգելով սպանելու, կազմակերպված խմբի կողմից անչափահասի նկատմամբ զենքի գործադրմամբ բռնություն գործադրելու, լրտեսության, Ղարաբաղի պետական սահմանը կազմակերպված խմբի կողմից հատելու, հրազեն և ռազմամթերք կրելու մեջ։

Եվ կողմերի միջև այս լարվածության ֆոնին ֆոնին համանախագահները, ում նկատմամբ պաշտոնական Բաքուն տարբեր առիթներով իր անվստահությունն է հայտնում, այս օրերին շտապում են կազմակերպել Սարգսյան-Ալիև հանդիպումը։ Երեքշաբթի օրը Բրյուսելում նրանք առանձին-առանձին հանդիպումներ են ունեցել Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հետ և քննարկել նախագահների մակարդակով հանդիպման հնարավոր օրակարգը, ինչպես նաև հանդիպումների հնարավորությունները Նյու Յորքում՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակներում: