Ուկրաինայի Գերագույն ռադայում ՈւԴԱՌ և «Սվոբոդա» խմբակցությունները պաշտոնապես դուրս են եկել իշխող կոալիցիայից, ինչով այն փաստացի դադարեց գոյություն ունենալուց:
Խորհրդարանի ամբիոնից համապատասխան հայտարարություններով են հանդես եկել խմբակցությունների ղեկավարներ Վիտալի Կովալչուկը և Օլեգ Տյագնիբոկը:
ՈւԴԱՌ խմբակցության ղեկավար Կովալչուկը, «Ռեգնում» լրատվական գործակալության վկայությամբ, մասնավորապես, հայտարարել է․ - «Ելնելով նրանից, որ, մեր դիտարկմամբ, Գերագույն ռադան տրամադրված չէ կառուցողական աշխատանքի՝ Ուկրաինայի ժողովրդի կամքին համապատասխան, Վիտալի Կլիչկոյի ՈւԴԱՌ խմբակցությունը հայտարարում և հայտնում է Ուկրաինայի 7-րդ գումարման Գերագույն ռադայի «Եվրոպական ընտրություն» կոալիցիայից դուրս գալու մասին»։
Ուկրաինական UNIAN լրատվական գործակալության փոխանցմամբ՝ «Բատկիվշչինա» խմբակցության ղեկավար Սերգեյ Սոբոլևը, իր հերթին, հայտարարել է, որ խմբակցությունը հանդես է գալիս արտահերթ ընտրությունների օգտին:
Այս տարվա փետրվարի 27-ին կազմված կոալիցիայում ընդգրկված էր 250 պատգամավոր։
Այսպիսով, ինչպես նշում է «Ռեգնում»-ը, ուկրաինական խորհրդարանը փաստացի գնում է ինքնալուծարման․ եթե 30 օրվա ընթացքում նոր կոալիցիա չձևավորվի, ապա Ուկրաինայի նախագահը կլուծարի Ռադան ու արտահերթ ընտրություններ կնշանակի, որոնք կարող են անցկացվել արդեն հոկտեմբերին:
Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոն այսօր հայտարարել է, որ կոալիցիայի լուծարումը չպետք է կազմալուծի Ռադայի աշխատանքը: