ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն այսօր հանդես են եկել հայտարարությամբ՝ խորը մտահոգություն հայտնելով շփման գծում և հայ-ադրբեջանական սահմանին լարվածության և բռնությունների աճի, այդ թվում՝ քաղաքացիական անձանց թիրախավորված սպանությունների կապակցությամբ:
«Համանախագահները կողմերին կոչ են արել կատարել մարդկային զոհերից խուսափելու՝ իրենց պարտավորվածությունները, և անընդունելի են որակել գյուղերի և քաղաքացիական անձանց՝ նպատակաուղղված թիրախավորումը: Նրանք կոչ են արել արտգործնախարարներին մեղմացնել լարվածությունը և հավատարիմ մնալ հրադադարի պայմաններին», - ասված է ԵԱՀԿ մամուլի ծառայության տարածած հաղորդագրությունում:
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները՝ (դեսպաններ Իգոր Պոպովը (Ռուսաստան), Ջեյմս Ուորլիքը (ԱՄՆ) և Պիեռ Անդրիոյը (Ֆրանսիա) հուլիսի 22-ին Բրյուսելում առանձին առանձին հանդիպումներ են ունեցել Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի և Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հետ:
ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկը նույնպես մասնակցել է հանդիպումներին:
Այսօր տարածած ամփոփիչ հայտարարության մեջ ասվում է, որ հանդիպումների ընթացքում համանախագահները և արտգործնախարարները քննարկել են նախագահների մակարդակով հանդիպման հնարավոր օրակարգը՝ ընդգծելով Հայաստանի և Ադրբեջանի նախագահների միջև հանդիպումների կարևորությունը խաղաղ բանակցություններում առաջընթաց արձանագրելու համար: Նրանք նաև քննարկել են Նյու Յորքում՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակներում հանդիպումների հնարավորությունները:
«Համանախագահները շարունակում են կողմերի հետ դիտարկել անվտանգության նկատմամբ վստահության ամրապնդման միջոցները և հասարակ քաղաքացիների միջև հանդիպումների ծրագրերը: Նրանք կարծում են, որ նման ծրագրերը ամրապնդում են տևական խաղաղության հաստատման համար անհրաժեշտ վստահությունն ու հավատը», - նաև ասված է համանախագահների հայտարարությունում: