ՀՀ Բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանն այսօր միջազգային դոնոր կազմակերպությունների (ՄԱԿ-ի, Համաշխարհային բանկի, Եվրոպական վերակառուցման և զարգացման բանկի) հայաստանյան ներկայացուցիչների հետ քննարկել է Արարատյան դաշտի ստորերկրյա քաղցրահամ ջրերի ավտոմատ կառավարման համակարգի ներդրման խնդիրը:
Բնապահպանության նախարարության մամլո ծառայության փոխանցմամբ՝ Արարատյան դաշտի ջրավազանային ռեսուրսների ծավալները հստակեցված չեն, ուստի նախարարություն առաջարկում է ուսումնասիրել և հստակեցնել Արարատյան արտեզյան ավազանի ջրային պաշարների ծավալները, հաշվարկել վերականգնվող ջրային պաշարի պոտենցիալը, և ըստ այդմ, անհրաժեշտ չափով կրճատել ջրօգտագործման ծավալները:
«Իսկ հետագայում կառավարման բնագավառում ռիսկայնությունը նվազեցնելու նպատակով պլանավորում ենք ներդնել Արարատյան դաշտի ջրօգտագործման ավտոմատ կառավարման համակարգը››, - հանդիպման ժամանակ ասել է Արամայիս Գրիգորյանը:
Միջազգային դոնոր կազմակերպությունների ներկայացուցիչները, ևս կարևորելով խնդիրը, իրենց տեսակետներն են հայտնել և խոստացել հնարավորության սահմաններում աջակցել ծրագրի իրագործմանը: