Ամփոփելով այս տարվա բուհական ընդունելության քննությունների արդյունքները՝ Գնահատման և թեստավորման կենտրոնի (ԳԹԿ) տնօրեն Գագիկ Մելիքյանը ասաց, որ հայաստանյան 24 բուհեր ընդունվելու համար այս տարի դիմել էր 12 հազար 80 դիմորդ:
Նրանցից դրական գնահատականի շեմը չի հաղթահարել 2146-ը, այսինքն՝ մոտ 17 տոկոսը:
Այս տարի բուհերում հատկացված տեղերը ավելի շատ էին, քան դիմորդները: Գրեթե բոլոր բուհերում մնացել են բազմաթիվ թափուր տեղեր՝ բացառությամբ բժշկական և ագրարային համալսարանների: Վերջինում այս տարի դիմորդներն ընդունվել են միայն դպրոցի ավարտական գնահատականներով:
Բազմաթիվ չլրացված տեղերի առկայությունը Գագիկ Մելիքյանը պայմանավորում է մի քանի գործոններով:
«Դիմորդների կողմնորոշվածությունը դեպի արտասահմանյան բուհերն է ուժեղանում: Սա մի գործոն է: Երկրորդ գործոնը այն է, որ էապես մեծանում է այն շրջանավարտների թիվը, որոնք նախընտրում են միջին մասնագիտական ուսումնական հաստատություններ, քոլեջներ ընդունվել: Հաջորդ գործոնը բնական աճի պակասն է, որը մենք ունեցել ենք դեռևս 1990-ական թվականներին, և դա հիմա մենք զգում ենք: Անշուշտ դեր է խաղում նաև արտագաղթը, բայց չէի առանձնացնի, որ հատուկ միայն արտագաղթով է պայմանավորված դիմորդների նվազումը: Դա գործոններից մեկն է», - «Ազատության» հետ զրույցում ասաց ԳԹԿ-ի տնօրենը:
Երևանի պետական համալսարանում թափուր տեղեր կան 24 մասնագիտությունների գծով: Բուհի ռեկտոր Արամ Սիմոնյանը «Ազատությանը» փոխանցեց, որ սովորաբար դիմորդների մեկ երրորդը ընտրում է պետհամալսարանը: Այս տարի էլ այդ միտումը պահպանվել է, և այդուհանդերձ` այսօր համալսարանն ունի 460 ազատ տեղ:
Սիմոնյանը զարմացած է, քանի որ դեռ անցյալ տարի մրցակցություն կար օտար լեզուներ, հոգեբանություն մասնագիտությունների գծով, իսկ այս տարի դրանցից մի քանիսը 50 տոկոսով չեն լրացվել. - «Բոլոր բնագիտական մասնագիտությունների գծով մենք ունենք պրոբլեմներ: Հազիվ լրացրել են իրենց տեղերը մաթեմատիկոսները, մեխանիկները և ռադիոֆիզիկոսները: Շատ անհանգստացնող է ֆիզիկայի վիճակը: Այդ թվում նաև՝ միջուկային ֆիզիկայի վիճակը, բավականին մեծ պրոբլեմներ ունենք կենսաբանության ոլորտում: Սպասելի էր նաև քիմիայի վիճակը, բայց անսպասելի՝ դեղագործության վիճակը: Թափուր տեղերի առկայությունը բավականին շատ է»:
Սիմոնյանն ասում է, որ դիմորդների թվի կրճատման արդյունքում հնարավոր է լինեն նաև դասախոսական կազմի կրճատումներ, քանի որ առաջիկա տարին ֆինանսական առումով իրենց համար բավական բարդ է լինելու: Ստիպված են լինելու խնայել միջոցները:
«Կկրճատվեն ծրագրեր, սարքավորումների գնման ոլորտում, ուրիշ խնդիրներ իրականացնելու ոլորտում: Պակաս գումար ենք ստանում, պետք է ուրեմն խնայողաբար օգտագործես եղածը», - «Ազատության» հետ զրույցում նշեց Արամ Սիմոնյանը:
Նրա կարծիքով ևս արտագաղթն իր դերն ունեցել է այս տարի, սակայն դրա հետ մեկտեղ բավական բարդ են եղել թեստերը, ինչի հետևանքով բազմաթիվ դիմորդներ իրենց ուսանողները չեն դարձել: Ըստ նրա՝ քննությունները պետք է ավելի հեշտ հաղթահարելի լինեին:
ԳԹԿ տնօրենը մինչդեռ հակադարձում է, որ թեստերը գուցե դժվար են, սակայն միայն բարձր միավորներ ստանալու համար․ - «Շատ առաջադրանքներ կան, որոնք կատարելու դեպքում երեխան հնարավորություն ունի մինչև 10,12 բալ ստանալու: Այդ թափուր տեղերի համար 7.5 բալը բավարար էր, իսկ էդպիսի առաջադրանքներ, դեռ մի բան էլ ավելցուկով տեղակայված են թեստերում»: