Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանը այսօր ընդունել է Հայաստանի նախագահի գլխավոր ռազմական տեսուչ Միքայել Հարությունյանին: Հանդիպմանը, որին ներկա էր Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարար Մովսես Հակոբյանը, քննարկվել են բանակաշինությանը և այստեղ երկու հայկական պետությունների համագործակցությանը վերաբերող հարցեր, փոխանցում է Ղարաբաղի նախագահի պաշտոնական կայքէջը:
Ըստ նույն աղբյուրի՝ երկուշաբթի օրը Բակո Սահակյանը ընդունել է նաև Հայաստանի Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանին: Հանդիպման ժամանակ քննարկվել են Հայաստանի Սահմանադրական դատարանի և Լեռնային Ղարաբաղի Գերագույն դատարանի միջև գործակցության ընդլայնմանն ու խորացմանը վերաբերող հարցեր:
Նույն օրը Լեռնային Ղարաբաղի նախագահը ընդունել է Հայ Առաքելական եկեղեցու Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանին, քննարկվել են եկեղեցու, պետության և հասարակության միջև կապերի ընդլայնմանն ու խորացմանը վերաբերող հարցեր: