Սբ․ Էջմիածին եկեղեցու միջադեպը Վրաստանի ՆԳՆ-ում էթնիկ չեն համարում

Թբիլիսիի Սուրբ Էջմիածին հայկական եկեղեցին

Վրաստանի ներքին գործերի նախարարությունում համարում են, որ անցած շաբաթ օրը Թբիլիսիի հայկական Սուրբ Էջմիածին եկեղեցու մոտ տեղի ունեցած միջադեպը էթնիկ բնույթ չի կրել:

«Միջադեպը էթնիկ բնույթ չի կրել: Դիմակայությունը տեղի է ունեցել փողոցում՝ ավտոմեքենայի կայանման պատճառով: Քննությունը ընթանում է [Վրաստանի քրեական օրենսգրքի] 125-րդ հոդվածով՝ վնասվածքներ հասցնելը», - «Նովոստի-Գրուզիա» լրատվական գործակալությանը ասել է գերատեսչության ներկայացուցիչը:

Հայ Առաքելական եկեղեցու Վիրահայոց թեմի փոխանցմամբ, հիշեցնենք, շաբաթ երեկոյան մի խումբ անձանց կողմից ծրագրված հարձակում է իրականացվել Թբիլիսիի Սուրբ Էջմիածին հայկական եկեղեցու հոգևոր դասի, թեմի պաշտոնեության և հավատացյալների վրա:

«Ականատեսները պատմում են, թե հարձակվող ամբոխը ինչպիսի ազգային ատելությամբ է լցված եղել հայության հանդեպ: […] Այս ամենը Վրաստանի շատ եկեղեցիներում, երբեմն նաև լրատվությամբ, կենցաղային մակարդակով Հայ Եկեղեցու և ընդհանրապես հայության հանդեպ սերմանվող ատելության արդյունք է», - ասված է Վիրահայոց թեմի հաղորդագրությունում: