Հարձակում Թբիլիսիի հայկական եկեղեցու վրա

Սուրբ Էջմիածին եկեղեցին Թբիլիսիում

Հայ Առաքելական Ուղղափառ Սուրբ Եկեղեցու Վիրահայոց Թեմը այսօր տարածած հաղորդագրությամբ տեղեկացնում է, որ երեկ երեկոյան մի խումբ անձանց կողմից ծրագրված հարձակում է իրականացվել Թբիլիսիի Սուրբ Էջմիածին եկեղեցու հոգևոր դասի, թեմի պաշտոնեության և հավատացյալների վրա:

Ըստ հաղորդագրության, երեկ կեսօրին եկեղեցու հարևանությամբ ավտոմեքենաների կայանատեղում վիճաբանություն է ծագել վրացի մի կնոջ ու նրա ծանոթների և եկեղեցու հոգևորականի ու թեմի պաշտոնյաների միջև: Արդեն երեկոյան «նույն խումբը, հավաքագրելով մոտ 50 հոգի, հարձակվել են եկեղեցու առջև կանգնած Տեր Մանուկ քահանա Զեյնալյանի, թեմի Իրավական հարցերով և համագործակցության բաժնի տնօրեն Լևոն Իսախանյանի և տնտեսվար Ռոբերտ Իսախանյանի վրա և դաժանորեն ծեծել նրանց՝ մարմնական վնասվածքներ հասցնելով հոգևորականներին և Առաջնորդարանի աշխատակիցներին: Հարձակվողները պոկել են հոգևորականներից մեկի լանջախաչը և վերցրել են իրենց հետ»:

Նրանք ուժ են կիրառել նաև այդ պահին եկեցեղուց դուրս եկած մկրտության մասնակիցների նկատմամբ, որոնց մեջ եղել են «կանայք և երեխաներ, ովքեր այդ տեսարանից երկյուղած, նորից ետ՝ եկեղեցի են մտել». - «Այդ դաժան տեսարանները նկարահանվել են «Հայարտան» դիտարկող տեսախցիկներով: Մինչև ոստիկանների մոտենալը, Առաջնորդարանի վարչատնտեսական բաժնի տնօրեն Կարեն Երիցյանը իրեն ամրակցված օրինական զենքից մի քանի անգամ կրակել է օդ և հանդարտեցրել կռվողներին»:

Հաղորդվում է նաև, որ այս պահի դրությամբ քրեական գործ է հարուցվել և ընթանում է քննություն:

«Ականատեսները պատմում են, թե հարձակվող ամբոխը ինչպիսի ազգային ատելությամբ է լցված եղել հայության հանդեպ: Նրանցից ոմանք եղել են ալկոհոլի և թմրադեղերի ազդեցության տակ: Ականատեսները վկայում են, որ եկեղեցու վրա հարձակված 50-հոգանոց ամբոխին ղեկավարում էին թանկարժեք մեքենաներով և վայելուչ հագուկապով այրեր: Այս ամենը Վրաստանի շատ եկեղեցիներում, երբեմն նաև լրատվությամբ, կենցաղային մակարդակով Հայ Եկեղեցու և ընդհանրապես հայության հանդեպ սերմանվող ատելության արդյունք է», - ասված է հաղորդագրությունում: - «Մենք բարձր ենք գնահատում Վրաստանի ներքին կայունությունը, այս երկրում բազմադարյա միջազգային և միջկրոնական հարաբերությունները և կոչ ենք անում Վրաստանի իրավապահ մարմիններին համապատասխանաբար գնահատել տվյալ գործողությունները և հետաքննել դրանք՝ որպես կրոնական և ազգային հողի վրա իրականացված հանցագործություն, ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ՝ Վրաստանում ազգային և կրոնական նշաններով ցանկացած պառակտում կանխելու նպատակով»: