Զինված անջատականները միջազգային փորձագետներին թույլատրել են այցելել այն տարածքը, որտեղ ցրված են հինգշաբթի օրը ընկած մալազիական ինքնաթիռի հատվածները: Ամստերդամից Կուալա Լումպուր թռչող ինքնաթիռում, հիշեցնենք, կար 298 մարդ:
Անջատականների հրամանատարը այսօր ԵԱՀԿ-ի խմբին ասել, որ իր ենթակաները չեն տեղաշարժել տարածքով մեկ ցրված առարկաներն ու մարմինները և չեն գտել «սև արկղերը»: Երեկ, հիշեցնենք, ռուսամետ զինված ուժերը թույլ չէին տվել միջազգային փորձագետներին մոտենալ տարածքին:
Ուկրաինայի իշխանություններն այսօր անջատականներին մեղադրել են ինքնաթիռի անկման վայրում ապացույցները ռուսական կողմի օգնությամբ թաքցնելու կամ ոչնչացնելու մեջ:
Ուկրաինական հակահետախուզության ղեկավարը հայտարարել է, թե ունի համոզիչ ապացույցներ, որ մարդատար օդանավի վրա կրակ է բացվել БУК-1 հակաօդային հրթիռային համակարգից: Նա պնդել է նաև, թե հակաօդային համալիրը կառավարել են Ռուսաստանի քաղաքացիներ:
Զոհվածների ինքնությունը պարզելուն մասնակցելու համար Ուկրաինա են ուղևորվել Ինտերպոլի և Եվրապոլի քննչական խմբերը: