Հայ-թուրքական հարաբերությունները բարելավելու նոր ծրագրեր կիրականացվեն

Հայ-թուրքական սահմանը

Հայաստանի և Թուրքիայի կազմակերպությունները միասին տարբեր ոլորտներում մի շարք ծրագրեր կիրականացնեն, որոնք կնպաստեն երկու երկրների հասարակությունների միջև շփումների աշխուժացմանը:

Եվրամիության 2 միլիոն եվրոյի ֆինանսավորմամբ Հայաստանում և Թուրքիայում մեկնարկել է «Աջակցություն Հայաստան - Թուրքիա կարգավորման գործընթացին» ծրագիրը, որն իրականացնելու են երկու երկրների 8 կազմակերպություններ:

Ծրագրի շրջանակում 18 ամիսների ընթացքում կյանքի կկոչվեն ավելի քան մեկ տասնյակ տնտեսական, մշակութային կրթական ծրագրեր, որոնց համար կհատկացվի 200 հազար եվրո, որ որոնք, ըստ կազմակերպիչների, կնպաստեն երկու երկրների հասարակությունների միջև շփումների աշխուժացմանը:

«Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի» տնօրեն Ռիչարդ Կիրակոսյանը, ով ևս ներգրավված է այս ծրագրերում, նշում է, որ հասարակական ձևաչափերում մերձեցմանը միտված գործունեությունը բավական հաջող է ընթանում, ինչը չի կարելի ասել երկու երկրների պաշտոնական շփումների մասին: Ըստ նրա՝ երկկողմ հարաբերությունների կարգավորման գործընթացի, սահմանի բացման ամբողջ պատասխանատվությունը դրված է Թուրքիայի վրա: Նա նաև նշեց, որ փոփոխություններ չի ակնկալում Թուրքիայում կայանալիք առաջիկա նախագահական ընտրություններից:

«Եթե վարչապետ Էրդողանը իրական նախագահ պիտի դառնա, հստակ չէ, թե ինչ տեսակ Թուրքիա պիտի ունենանք՝ իբրև հարևան: Թուրքիա գնացել էի անցյալ ապրիլին և մայիսին և կարող եմ ասել, որ վստահություն չունեմ, որովհետև իրականում Թուրքիայում սկսվում է քաղաքական թատրոնը և դժբախտաբար առանց լուրջ կամ իրական քայլ իրենց կողմից: Չեմ հավատում, որ ինչ-որ բան պիտի փոխվի շուտով», - ասաց Կիրակոսյանը:

Որևէ փոփոխություն չի տեսնում և չի ակնկալում նաև Եվրասիա համագործակցության հիմնադրամի տնօրեն Գևորգ Տեր-Գաբրիելյանը՝ հաշվի առնելով ներկայումս տեղի ունեցող տարածաշրջանային իրադարձությունները: Նրա խոսքով՝ միայն Հայաստանը ոչինչ չի կարող անել գործընթացի կարգավորման համար:

«Հիմա, հաշվի առնելով վիճակը Ուկրաինայում, Ռուսաստանը այնքան զբաղված է, որ այս տարածաշրջանում ժամանակ չի ունենալու առանձնապես շատ բան անելու և ուրեմն Հայաստան-Թուրքիա հարաբերությունների մեջ էլ չի միջամտելու, և ուրեմն այդ հարաբերությունները մնալու են ինչպես այս պահին են», - նշեց Գևորգ Տեր-Գաբրիելյանը:

Բուրջու Բերջեմեն եկել է Թուրքիայից և ներկայացնում է Հրանտ Դինքի հիմնադրամը: Նա նշում է, որ չնայած հասարակությունների շրջանում իրականացվող ծրագրերին, երկու երկրներում էլ տեղեկատվության և ակտիվության պակաս կա: Ըստ Բերջեմենի՝ հասարակությունները, մինչդեռ, կարող են ազդել կարգավորման գործընթացի վրա:

«Կարևոր է երկու երկրների մարդկանց, քաղաքացիական հասարակությունների միջև կապ ստեղծելը և ճնշում գործադրելը կառավարությունների վրա: Հայաստանի և Թուրքիայի սահմանամերձ շրջանների և խոշոր քաղաքների բնակիչները պետք է մեկ ձայնով կարողանան արտահայտել իրենց պահանջը՝ բացել սահմանները և պաշտոնական հարաբերությունները կարգավորելու ուղիներ գտնել», - ընդգծեց Բերջեմեն: