Այսօր ժամը 7-ի սահմաններում Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետերից մեկում մահացու հրազենային վիրավորում ստացած 20-ամյա զինծառայող Գևորգ Ավագյանին սպանելու կասկածանքով ձերբակալվել է նրա ծառայակիցը՝ ժամկետային զինծառայող, շարքային Արմեն Սարգսյանը: Այդ մասին տեղեկացնում է Հայաստանի պաշտպանության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:
Հաղորդագրության համաձայն՝ դեպքի առթիվ քրեական գործը Հայաստանի պաշտպանության նախարարության քննչական ծառայությունում հարուցվել է Քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով՝ սպանություն, կատարվում է նախաքննություն:
«Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կիսում է ծանր կորստյան վիշտը և իր զորակցությունն է հայտնում շարքային Գևորգ Արտեմի Ավագյանի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին», - ասված է հաղորդագրությունում: