Ուկրաինայի ներքին գործերի նախարար Արսեն Ավակովի դեմ մահափորձ է պատվիրել ռուսամետ անջատականների դաշտային հրամանատար Իգոր Բեզլերը, ով հայտնի է «Բեզ» կեղծանունով: Այդ մասին այսօր լրագրողներին հայտնել է Ուկրաինայի ներքին գործերի նախարարի խորհրդական Զորան Շկիրյակը։
РБК լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Շկիրյակը հիշեցրել է, որ հուլիսի 7-9-ը Ավակովն այցելել է Ուկրաինայի արևելյան հատված, որտեղ էլ պետք է իրականացվեր մահափորձը։
«Այս հանցագործության թե՛ պատվիրատուն, թե՛ կազմակերպողը նա է, ով նաև համակարգում է ահաբեկիչների գործողությունները, դա, միանշանակ, ռուս դիվերսանտ Իգոր Բեզլերն է», - հայտարարել է Ուկրաինայի ներքին գործերի նախարարության ներկայացուցիչը։
Շկիրյակը նշել է, որ դիվերսիոն խմբի անդամներից երկուսը արդեն ձերբակալված են։
Ռուսամետ անջատականները, սակայն, հերքում են իրենց առնչությունը Ավակովի մահափորձին և հավանական են համարում, որ «դա ընդամենը բեմականացում է»։