Պաշտպանության նախարարության քննչական ծառայության փոխանցմամբ, օրեր առաջ ձերբակալված պաշտոնյաները կալանավորվել են։
Հիշեցնենք, որ զորակոչիկներին հիվանդությունների կեղծ ախտորոշումներով պարտադիր ժամկետային զինծառայությունից ազատելու, ապօրինի տարկետումներ տրամադրելու համար մեղադրանք է առաջադրվել Թալինի զինվորական կոմիսար, մայոր Տիգրան Արտաշեսի Հայրապետյանին ՀՀ քր.օր-ի 313 հոդ. 2-րդ մասի 2-րդ կետով, 235 հոդ. 1-ին մասով` կաշառքի միջնորդություն և ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերել, իրացնել, պահել, փոխադրել կամ կրել:
Մեղադրանք է առաջադրվել նաև Գորիսի զիմկոնիսարիատի զորակոչային բաժանմունքի պետ, մայոր Սպարտակ Սուրիկի Բաղդասարյանին ՀՀ քր.օր-ի 313 հոդ. 2-րդ մասի 2-րդ և 375 հոդ. 1-ին մասով՝ իշխանության չարաշահում, իշխանազանցություն կամ իշխանության անգործություն, ինչպես նաև Սրտաբանության գիտահետազոտական ինստիտուտի առիթմիալոգիայի բաժնի վարիչ, կենտրոնական բժշկական հանձնաժողովի անդամ Սվետլանա Վիկտորի Գրիգորյանին ՀՀ քր.օր-ի 313 հոդ. 4-րդ մասի 2-րդ կետով՝ ապօրինի վարձատրություն ստանալու համար։ Վերջիններիս նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:
Քանաքեռ-Զեյթուն բժշկական կենտրոնի Ակնաբուժական կլինիկայի բաժանմունքի վարիչ Ալլա Հայաստանի Հովհաննիսյանին մեղադրանք է առաջադրվել՝ ապօրինի վարձատրություն ստանալու համար: Հաշվի առնելով, որ Ա. Հովհաննիսյանը 1-ին խմբի հաշմանդամ է, նրա նկատմամբ խափանման միջոց չի ընտրվել, արգելանքից ազատ է արձակվել և որոշում է կայացվել վերջինիս պաշտոնավարումը ժամանակավորապես դադարեցնելու մասին:
Քրեական գործով նախաքննությունը շարունակվում է: