Հայաստանյան 98 ընկերություններ հուլիսի 1-ի դրությամբ «ճշգրտել են» իրենց հարկային հաշվարկները, կամ ինչպես տնտեսագետներն են ասում՝ ինքնակամ դուրս են եկել ստվերից. այս ընկերությունների մասին տեղեկանում ենք հարկային ծառայության պաշտոնական էջից։ Սրանք այն ընկերություններն են, որոնք տարեկան շահութահարկի հաշվարկներով 2014-ին շահութաբերության ցածր ցուցանիշ էին հայտարարագրել. մինչդեռ ճշգրտման արդյունքում, ըստ հարկայինի, հաշվարկվել է 391 միլիոն 655 հազար դրամ լրացուցիչ շահութահարկ։
Այսպիսով, կարծես մասամբ իրականություն է դառնում վարչապետ Հովիկ Աբրահամյանի խոստումներից մեկը. հուլիսի 1-ից սկսած յուրաքանչյուր տասնօրյակում հրապարակել ստվերի դեմ պայքարի արդյունքները. այս մասին վարչապետը հայտարարել էր անցած ամսվա վերջին «ԴիջիԹեք» բիզնես ֆորումի շրջանակներում լրագրողների հետ ճեպազրույցում:
«Հուլիսի 1-ից տասնօրյակը մեկ հանրությանը տեղեկացնելու ենք, թե որ հարկատուն ինչքան հարկ է վճարում, և դուք կհամեմատեք, ընդհանուր տարբերությունը կֆիքսեք։ Մենք լինելու ենք հետևողական»,- ասել էր վարչապետը։
Հովիկ Աբրահամյանը, հիշեցնենք, դեռևս մայիսից է հայտարարում ստվերի դեմ խիստ պայքար սկսելու մասին։ Մայիսի 14-ին խոշոր գործարարների հետ հանդիպմանը նա հստակ ժամկետներ էր նշել, ասելով, որ մինչև հուլիսի 1-ը կա՛մ գործարարները սեփական ցանկությամբ կսկսեն աշխատել հավասար դաշտում և դուրս կգան ստվերից, կա՛մ այդ նպատակին հասնելու համար կառավարությունը կօգտագործի իր լծակները։
Հարկայինի՝ նախօրեին հրապարակած ցանկում տեղ են գտել հաշվարկները ճշգրտած 98 ընկերություններից 15-ի անունները, որոնք ապահովել են լրացուցիչ հարկային մուտքերի մեծ մասը՝ 268 միլիոն 381 հազար դրամ։ Դրանց շարքերում, սակայն շատ հայտնի օլիգարխների ու պաշտոնյաների, կամ նրանց հարազատներին պատկանող ընկերություններ կածես չենք տեսնում։ Հանրությանը հայտնի մի քանի ընկերությունների անուններ ենք կարդում. «ՍԻՓԻԵՍ ՕԻԼ ՔՈՐՓՈՐԵՅՇՆ», «Արայ», «Արաքս թռչնաֆաբրիկա», «Ռուժ բուտե», «Բագրատ տուր»։ Մնացածը քչերին են ծանոթ. օրինակ՝ «Սմբո» ՍՊԸ, «Դիմիտրի», «Ախուրյանի կոոպշին», «Ասէդլ», «Ֆիրմա Գ.Ա.Խ». և այլն։ Ընդ որում, տնտեսական մեկնաբան Հայկ Գևորգյանի հաշվարկներով, այդ ընկերությունների ստվերից դուրս գալու արդյունքում Հայաստանում ստվերը կրճատվել է ընդամենը մեկուկես տոկոսով:
«Ես ուսումնասիրեցի հրապարակված այդ 15 ընկերությունների վճարած հարկերը անցած տարի և այն գումարները, որոնք առաջացան այս ստվերից դուրս գալու արդյունքում, լրացուցիչ գումարներ նրանք վճարեցին պետական բյուջե, ու ստացվեց, որ այդ լրացուցիչ վճարվածը կազմում է նրանց տարեկան վճարած հարկերի ընդամենը մեկուկես տոկոսը։ Հայաստանում ստվերը, ըստ որոշ գնահատականների 30-35 տոկոս է, մեկ այլ գնահատականներով՝ հասնում է մինչև 45 տոկոս։ Այսինքն, կարող ենք այսպես ասել՝ ստվերը կրճատվել է մեկուկես տոկոսով»,- նշեց Գևորգյանը։
«Հայկական ժամանակ»-ի մեկնաբանը նաև արձանագրում է, որ փաստորեն խոշոր օլիգարխներից որևէ մեկը պատրաստ չէ թեկուզ սեփական փիառի համար հայտարարել իր ընկերություններից որևէ մեկի՝ ստվերից դուրս գալու մասին:
«Ստվերում գործում են մեզ շատ հայտնի պաշտոնյաների հարազատներին պատկանող ընկերություններ, հենց այն պաշտոնյայի, ով ստանձնել է ստվերի դեմ պայքարը. խոսքը ֆինանսների նախարարի հարազատներին պատկանող ընկերություններից որևէ մեկի մասին է։ Օրինակ այնտեղ մենք չենք գտնի «Մեգաֆուդ»-ը, «Մեգասպորտ»-ը «Ապեյրոն»-ը, չենք գտնի Սամվել Ալեքսանյանին պատկանող որևէ ընկերություն... Այնպես որ այն պղպջակը, որ փչվում է արդեն մի քանի ամիս, ևս մի քանի ամիս հետո ուղղակի կպայթի» ,- «Ազատության» հետ համոզմունք հայտնեց Հայկ Գևորգյանը։
«168 ժամ» պարբերականի տնտեսական մեկնաբան Բաբկեն Թունյանը նկատում է, որ նախ՝ ստվերի դեմ միայն ցանկերի հրապարակմամբ և վարչարարական մեթոդներով չեն պայքարում, երկրորդ՝ այսօրվա իրավիճակում հավասար մրցակցային դաշտի մասին խոսելն իսկ ավելորդ է:
«Նայում եմ այսօր պատկերն ինչպիսին է, կառավարման համակարգն ու կառավարողներն ինչպիսին են, ովքեր են ու դա համեմատում եմ մի քանի տարի առաջվա հետ, ոչ մի էական փոփոխություն չեմ նկատում։ Այսինքն՝ հիմքերը չեմ տեսնում, ինչի համար սրանից մի քանի տարի առաջ ստվերով կարելի էր աշխատել, հիմա չի կարելի աշխատել։ Ի՞նչն է փոխվել»,- «Ազատության» հետ զրույցում նշեց Թունյանը։
Ընդդիմադիր ՀԱԿ պատգամավոր Արամ Մանուկյանը, արձանագրելով, որ ստվերի դեմ պայքարում դեռ մի տոկոսի արդյունք է գրանցվել, «անլուրջ» համարեց այն ակնկալիքները, որ Հովիկ Աբրահամյանը կամ որևէ վարչապետ կարող է «հարկային հեղափոխություն» իրականացնել Հայաստանում:
«Առաջին իսկ օրը ես հենց Հովիկ Աբրահամյանին եմ ասել, որ ինքը ոչինչ չի կարող անել և ինքն ավելի շուտ է վարկաբեկվելու, քան Տիգրան Սարգսյանը։ Տիգրան Սարգսյանը գոնե ձգեց մի երկու տարի, այդ մի քանի տարին Տիգրան Սարգսյանի՝ Հովիկ Աբրահամյանի համար մի քանի ամիս կտևի։ Արդեն անցած երկու ամիսը ցույց է տալիս, որ ինքը ոչ միայն չի կարող, այլև չի էլ ցանկանում որևէ բան անել»,- «Ազատության» հետ զրույցում ասաց Արամ Մանուկյանը,- «Իր նշանակման առաջին իսկ օրը այնպիսի նշաձող է Սերժ Սարգսյանի կողմից դրվել Հովիկ Աբրահամյանի վրա, որ ինքը չի կարող հաղթահարել, չի կարող ոչնչացնել այն համակարգը, որի մեջ ինքն ապրել է, ապրում է և դեռ ապրելու է քանի դեռ կա իշխանագողություն։ Ստվերը պետք է մնա, քանի որ այս իշխանությունն ապրում է հենց ստվերի հաշվին, իշխանության պահելու, վերարտադրվելու ձևը միայն ստվերն է։ Չենք մոռացել ընտրությունների ժամանակ ինչպես վերարտադրվեցին, իրենց բաժանած փողերը, իրենց կաշառքները... Քյառթու տեսակը, գիրք չկարդացած տեսակն այսօր իշխանության մեջ է, ու ո՞նց ենք պատկերացնում, որ այդ անգրագետը, որը տիրում է լծակներին, հանկարծ պետք է զրկվի իր լծակներից։ Պարզունակություն է հավատալ, որ համակարգը ներսում կարող է ինքն իրեն ոչնչացնել»։