«Ստրատֆոր»․ «Ղարաբաղյան հակամարտության հիմքը Ստալինի որոշումն էր»

Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի զորավարժությունները, արխիվ

Խնդրի լուծման լավագույն պահը, ըստ հետազոտական կենտրոնի, հետխորհրդային վաղ շրջանն էր:

Մինչ Ռուսաստանն ու Արևմուտքը շարունակում են իրենց հակամարտությունը Ուկրաինայի շուրջ, Կովկասում ևս ընթանում է ավելի նուրբ, սակայն հավանաբար ոչ պակաս նշանակալի մի մրցակցություն, գրում է «Ստրատֆոր» վերլուծական կենտրոնը Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ հոդվածում:

«Մինչ Վրաստանը փորձում է մերձենալ Արևմուտքին, իսկ Հայաստանը ամրացնում է կապերը Ռուսաստանի հետ, Ադրբեջանը փորձում է զգույշ հավասարակշռություն պահպանել երկու կողմերի միջև։ Ադրբեջանը, այսպիսով, Կովկասի առանցքային դիրքում է, և Լեռնային Ղարաբաղի հակամարտությունն այն կարևորագույն ասպեկտն է, որ ձևավորում է Բաքվի դերը», - մանրամասնում է «Ստրատֆոր»-ը:

Վերլուծական կենտրոնը ներկայացնում է համառոտ պատմական ակնարկ՝ ղարաբաղյան հակամարտության հիմքը տեսնելով Ստալինի որոշման մեջ: «Ադրկովկասյան Դաշնային Խորհրդային Հանրապետությունը 1923 թվականին վերակազմավորվեց երեք առանձին պետությունների՝ Վրաստանի, Հայաստանի և Ադրբեջանի։ Լեռնային Ղարաբաղը դրվեց Ադրբեջանի իրավասության տակ՝ այդ ժամանակ ազգությունների գործերով ժողովրդական կոմիսար Իոսիֆ Ստալինի կողմից։ Ահա սահմանների և տարածքների այս վերաձևումները, որոնք արվել էին տարածքային վեճեր ստեղծելու և այդ պետությունները մշտապես թույլ պահելու համար, գործի գցեցին ղարաբաղյան հակամարտությունը», - գրում է «Ստրատֆոր»-ը։

Չնայած անհաշիվ հանդիպումներին՝ վերջին 20 տարիների ընթացքում հակամարտության խաղաղ լուծման բանակցությունների անարդյունավետությունը վերլուծական կենտրոնը կապում է աշխարհաքաղաքական հիմնարար գործոնների հետ։ Առաջին և ամենագլխավոր գործոնը տարածաշրջանի ազդեցիկ խաղացողների մասնակցությունն ու ազդեցությունն է հակամարտության վրա։

«Ռուսաստանը, Թուրքիան և Իրանը մրցակցել են Կովկասում դարերով, և այդ մրցակցությունը դեռ շարունակվում է ու տեղ ունի մեր իրականության մեջ։ Այս երկրների մասնակցությունը, իրենց արմատացած և հաճախ մրցակցող ռազմավարական շահերով, հանդես է գալիս որպես Լեռնային Ղարաբաղի ձգձգվող հակամարտության կարևոր բաղադրիչ», - գրում է «Ստրատֆոր»-ը։

Խնդրի լուծման լավագույն պահը, ըստ կենտրոնի, հետխորհրդային վաղ շրջանում էր, երբ ԵԱՀԿ-ի Մինսկի խումբն առաջարկեց բանակցությունների ընդունելի շրջանակ, երբ Միացյալ Նահանգները ներգրավվեցին գործընթացում, Ռուսաստանն էլ դեռ թույլ էր, իսկ Մոսկվայի և Վաշինգտոնի միջև կապերը՝ համեմատաբար ջերմ։

«Չնայած Ռուսաստանի գերակա դերակատարությանը, ղարաբաղյան խաղաղ բանակցություններում Ռուսաստանի շահերից է բխում ստատուս քվոյի պահպանումը երկու երկրների միջև, սակայն դա չի նշանակում, որ ղարաբաղյան հակամարտության ներկայիս վիճակը հավետ կձգվի: Ինչպես ցույց է տալիս պատմությունը, Լեռնային Ղարաբաղը, որպես կանոն, բռնկվում է տարածաշրջանում խոշոր ցնցումների ժամանակ և հատկապես Ռուսաստանի թուլացման ժամանակաշրջանում։ Ահա այս պահը մտածելու տեղիք է տալիս, հատկապես երբ Ռուսաստանը կրկին լուրջ խնդիրներ ունի նախկին խորհրդային ծայրամասերի հետ, ինչպես երևաց Ուկրաինայի դեպքում», - գրում է «Ստրատֆոր»-ը։

Թեև, ըստ վերլուծական կենտրոնի, սա ամենևին չի նշանակում Ռուսաստանի անհապաղ կոլապս, այդուամենայնիվ, Ռուսաստանը լուրջ և երկարաժամկետ խնդիրներ ունի իր ազդեցիկ դերը նախկին խորհրդային տարածքում պահպանելու համար, և այն երկրներից մեկը, որ կարող է լուրջ խնդիրներ ստեղծել Ռուսատանի համար, Ադրբեջանն է, որը հանդես է գալիս որպես Եվրոպայի էներգիա մատակարարելու այլընտրանքային աղբյուր, բացի այդ, ընդլայնում է իր կապերը Թուրքիայի, Իսրայելի և հետևաբար նաև Միացյալ Նահանգների հետ։

«Սակայն որպեսզի Մոսկվան իրոք փոխի իր դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի շուրջ, կա՛մ պետք է զգալիորեն թուլանա, կա՛մ Ադրբեջանը Մոսկվայի շահերի համար այնքան կենսական կարևորություն պետք է ձեռք բերի, որ Մոսկվան փոխի իր լոյալությունը և հակառակվի Հայաստանին, ինչը այս պահին քիչ հավանական հեռանկար է», - գրում է «Ստրատֆոր»-ը։