Գերմանիան չորրորդ անգամ նվաճեց աշխարհի չեմպիոնի տիտղոսը

Գերմանացիները տոնում են «Մարականա» մարզադաշտում եզրափակիչում տարած հաղթանակը: Ռիո Դե Ժանեյրո, 13 հուլիսի, 2014թ.

Բրազիլացիները վերլուծում են անհաջողության պատճառները։

Օրինաչափությունների մերժում

Հուլիսի 14-ի դրությամբ ունենք լավ և վատ լուր։ Սկսենք վերջինից` «ֆուտբոլի աշխարհի առաջնություն» անվամբ մեկ ամիս տևած հրաշքն ավարտցեց, առջևում չորս երկարուձիգ տարիների սպասում է։ Հաջորդ առաջնությունը նախատեսված է 2018-ին Ռուսաստանում։

Իսկ լավ լուրն այն է, որ բրազիլական առաջնությունը չափազանց հետաքրքիր էր, անակնկալներով լի ու հաղթեց հիրավի ամենաարժանի ընտրանին։ 2014-ի առաջնությունը նաև ֆուտբոլային օրինաչափությունները և չգրված օրենքները մերժելու առաջնություն էր։

Այլևս անվավեր ճանաչված թիվ մեկ ավանդույթն այն էր, որ եվրոպական թիմերը ոչ մի անգամ աշխարհի չեմպիոն չեն դառնում, եթե առաջնությունը տեղի է ունենում Ամերիկայում։ Եվրոպական թիմերը օվկիանոսից այն կող դուրս են եկել եզրափակիչ, բայց ոչ մի անգամ չեն հաղթել։ Մինչդեռ հարավամերիկացիները բազմիցս են հաղթել Եվրոպայում։

Այդպես էր մինչև ֆուտբոլի 20-րդ առաջնությունը Բրազիլիայում, երբ գերմանացիների հզոր մեքենան` ջարդուփշուր անելով մրցակիցներին, հասել է եզրափակիչ և հաղթել։

Գերմանիայի ութ եզրափակիչները

Նշենք, որ Գերմանիան ութ անգամ է դուրս եկել եզրափակիչ և չորս անգամ հաղթել է։ Առաջին անգամ Գերմանիան Շվեյցարիայում 1954 թվականին եզրափակիչում 3-2 հաշվով պարտության է մատնել Հունգարիայի լեգենդար հավաքականին։

1966-ին Լոնդոնում լրացուցիչ խաղակեսում 2-4 հաշվով զիջել է Անգլիային, 1974-ին Գերմանիայում 2-1 հաշվով հաղթել է Հոլանդիային, 1982-ին Իսպանիայում 1-3 հաշվով պարտվել է Իտալիային, 1986-ին Մեքսիկայում 2-3 հաշվով զիջել է Արգենտինային, 1990-ին վրեժ է լուծել` հաղթելով արգենտինացիներին 1-0 հաշվով։

Հաջորդ անգամ գերմանացիները եզրափակիչ են դուրս եկել 2002-ին և 0-2 հաշվով զիջել են Բրազիլիային, 8-րդ եզրափակիչն էլ երեկ էր` լրացուցիչ խաղակեսում Մարիո Գետցեի գեղեցիկ գոլի շնորհիվ «Մանշաֆթը» (Die Mannschaft) ինչպես Գերմանիայում անվանում են հավաքականը, հաղթել է։

Նշենք, որ Գերմանիան նաև երեք անգամ բրոնզե մեդալերն է վաստակել, մեկ անգամ էլ չորրորդ տեղն է գրավել։

Կլոզեն` բոլոր ժամանակների ռմբարկու

Եվս մեկ ռեկորդ` գերմանացի Միրոսլավ Կլոզեն դարձել է 16 գոլի հեղինակ իր մասնակցությամբ բոլոր առաջնությունների արդյունքում և առաջ անցել բրազիլացի Ռոնալդոյից։ Ի դեպ, երրորդ տեղում նույնպես գերմանացի է` Հերդ Մյուլերը, ով 14 գոլ է խփել։

Բրազիլական աղետը

Եվ, իհարկե, ամենասենսացիոն ռեկորդի մասին։ Կիսաեզրափակիչներում երբեք չի եղել 7-1 հաշիվ, կիսաեզրափակիչներում Բրազիլիան երբեք խոշոր պարտություն չի կրել։ Բրազիլիան ընդհանրապես սեփական դաշտում այդպիսի խոշոր պարտություն չի կրել։ Այն, ինչ արեցին գերմանացիները բրազիլացիների հետ` պարզապես բացառիկ և դարակազմիկ երևութ է` 7-1։ Հաղթողի համար` ցնծություն, պարտվողի համար` աղետ։

Գերմանացիներն այս առաջնությունում բառիս բուն իմաստով կռվել են մինչև վերջ, գերմանական ոգու և անձուրաց պայքարի խորհրդանիշը, թերևս, արյունլվա Բաստիան Շվայնշտայգերն էր, թիմի բժիշկը նույնիսկ չհամարձարկվեց նրան փոխարինելու առաջարկ անել։

Մեսսին միայնակ չէր կարող հաղթել գերմանացիներին

Դե իսկ Արգենտինան շատ պինդ, շատ նվիրված խաղ ցույց տվեց, բայց միայն Մեսսիով գերմանացիներին հաղթել հնարավոր չէր։ 27-ամյա Մեսսին Բրազիլիայում վաստակեց լավագույն խաղացողի Ոսկե գնդակը (լավագույն դարպասապահ ճանաչվեց գերմանացի Մանուել Նոյերը)։

Երկու հանճարներ, երկու հավաքականներ

Արդիական ֆուտբոլում կա երկու ռմբարկու, երկուսն էլ` առանց չափազանցության կարելի է ասել, հանճարեղ մարզիկներ են, աներևակայելի գոլերի հեղինակներ, նրանք միմյանց հետ մրցում աշխարհի լավագույն ֆուտբոլիստի տիտղոսի համար: Խոսքը Մեսսիի և պորտուգալացի Ռոնալդոյի մասին է։

Այդպիսի ֆուտբոլիստների 20-30 տարին մեկ են ծնվում, բայց երկուսն էլ մի քիչ դժբախտ են այն պարզ պատճառով, որ իրենց հավաքականներում սուպերմակարդակի մարզիկները շատ չեն։ Հատպապես դա վերաբերվում է Պորտուգալիային։

Արգենտինացիներն, իհարկե, կարող էին երեկ հաղթել, սակայն դրա համար պետք էր գերազանցել գերմանացիներին, կամ էլ, գոնե պարտադրել նրանց` մի քանի կոպիտ սխալ թույլ տալ։ Այսօրվա «մանշաֆթն» այնքան հզոր է, որ նման նվեր մրցակցին չի մատուցում։

Բրազիլիան պետք է վերաիմաստավորի իր ֆուտբոլը

Իսկ ի՞նչ ասել տանտերերի` աշխարհի հնգակի չեմպիոն Բրազիլիայի մասին։ «Երբ աղետ է պատահում, բացատրություն չունես», - հայտարարել է ֆուտբոլի բոլոր ժամանակների արքա Պելեն։

Իհարկե, Նեյմարի վնասվածքն ու դեղին քարտի պատճառով կիսաեզրափակիչում Տիագո Սիլվայի բացակայությունը ողբերգական դեր կատարեցին գերմանացիների հետ խաղում, բայց չմոռանանք, որ բրազիլացիները դեռ մեկ ութերորդում կարող էին պարտվել Չիլիին` երբ120-րդ րոպեին Պինիլիայի հզոր հարվածը վերին դարպասաձողը ետ մղեց։

Բրազիլացիները ամիսներ շարունակ գտնվել են ծանրագույն հոգեբանաման ճնշման տակ։ Բանն այն է, որ ոչ միայն բրազիլացիներն, այլև ընդհանրապես ամբողջ աշխարն այդ երկրի հավաքականից և' հաղթանակ է սպասում, և', ամենակարևորը` գեղեցիկ ֆուտբոլ։

Մինչդեռ մարզաձևը փոխվել է, բոլոր մրցակիցները սկսել են ավելի լավ խաղալ, ավելի արագ և ագրեսիվ։

Պելե, Դիդի, Վավա, Գարինչա, Ժաիրզինյո, Զիկո, Ռոմարիո, Ռոնալդո, Ռոնալդինյո, մի քանի տասնյակ ուրիշ անուններ` մեկը մեկից հրաշք, սակայն այդպիսի արտիստիկ և նրբաճաշակ խաղ, ուրախ կրկեսի և բարձրորակ պարարվեստի մակարդակի հասնող կատարում, այն, ինչ շարքային ֆուտբոլասերի համար հանդիսանում է ֆուտբոլի գեղեցկության խորհրդանիշ` այսօր գրեթե չես տեսնի։

Թերևս ինչ-որ չափով Նեյմարն է բրազիլական ֆուտբոլային սամբայի վարպետների ժառանգը, բայց ծանր վնասվածքը կասեցրեց նրա հետագա ելույթները։

«Բրազիլացիներն անվերջ լաց են լինում` օրհներգը լսում` լաց են լինում, հաղթում են` լաց են լինում, պարտվում են` լաց են լինում... բա'վ է, սթափվե'ք, տղամա'րդ եղեք»,- զայրացած ասել է Գերմանիայի նախկին ավագ և աշխարհի նախկին չեմպոին Լոթար Մաթեուսը։

«Մեր պարտությունն անցած տասնամյակի վատ աշխատանքի հետևանք է, Բրազիլիան պարտավոր է վերաիմաստավորել խաղը, ֆուտբոլի տեղը, կառավարություն-ֆեդերացիա կապը, զարկ տալ մանկական ֆուտբոլին, ստեղծել նոր դպրոցներ: Միայն այդպես կարող ենք վաստակել չեմպիոնի տիտղոսը», - ասել է վետերան Զիկոն։

Վստահ կարող ենք ասել, որ աշխարհը միայն կողջունի իսկական բրազիլական ֆուտբոլի վերադարձը։