Քաղաքական և միջազգային հետազոտությունների հայկական կենտրոնի փորձագետ Ռուբեն Մեհրաբյանը անհասկանալի է համարում Եվրասիական տնտեսական միությանը անդամակցելու Հայաստանի ձգտումը, երբ այդ միության հիմնադիր անդամ բոլոր երկրները՝ Ռուսաստանը, Բելառուսն ու Ղազախստանը զնեք են վաճառում Ադրբեջանին։
«Սա ևս մեկ անգամ ցույց է տալիս, որ Հայաստանն այստեղ պարզապես անելիք չունի: Եվ Հայաստանը օր առաջ պետք է վերանայի իր արտաքին քաղաքականությունն ընդհանրապես», - «Ազատության» հետ զրույցում ասաց փորձագետը:
«Ռազմինֆո» կայքից տեղեկանում ենք, որ հիմնականում հակաօդային պաշտպանության համակարգերի արդիականացմամբ ու ռադիոէլեկտրոնային համակարգերի ստեղծմամբ զբաղվող բելառուսական «Տետրաէդր» ընկերությունը, որը շուրջ 10 տարի համագործակցում է Ադրբեջանի հետ, Բաքվին վաճառելէ 2 մարտկոց Տ38 «Ստիլետ» ինքնագնաց զենիթահրթիռային համալիր, և պատրաստվում է «Ադրբեջանի համար ավելի խոշոր պատվերի կատարմանը»:
Այսմասին MILEX-2014 բելառուսական ռազմարդյունաբերական ցուցահանդեսի ժամանակ «ԱՐՄՍ-ՏԱՍՍ» լրատվական գործակալության թղթակցին հայտնել է «Տետրաէդր»-ի ղեկավար անձնակազմի անդամ Իգոր Նովիկը։ Նա չի մանրամասնել, թեխոշոր պատվերն ավելի հստակ ինչ է ենթադրում:
Ըստ Նովիկի, ադրբեջանական զինուժն արդեն կիրառում է ստացած «Ստիլետները»:
Անդրադառնալով Ռուսաստանի, Բելառուսի ու Ղազախստանի կողմից Ադրբեջանին զենքի վաճառքի փաստին` ԱՊՀ երկրների ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Մարկարովը «Ազատության» հետ զրույցում հիշեցրեց, որ Հայաստանը բազմիցս նշել է, որ ՀԱՊԿ անդամ երկրները միշտ չէ, որ միասնական մոտեցում են ցուցաբերում արտաքին քաղաքական հարցերում:
«Տվյալ դեպքում մենք ընդամենը արձանագրում ենք փաստ և տեսնում ենք, թե ով է վաճառում և այս վաճառքը ինչ պայմաններով է տեղի ունենում: Այսինքն մենք կարող ենք նշել, որ Իսրայելը, որ ներառված է կոնֆլիկտի մեջ, շատ հանգիստ վաճառում է զինամթերք Ադրբեջանին, և այստեղ ևս մենք չենք տեսնում ոչ մի խնդիր», - հավելեց Մարկարովը:
Ռազմավարական և ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի տնօրեն, քաղաքագետ ՄանվելՍարգսյանը, մինչդեռ, համարում է, Ռուսաստանի, Բելառուսի ու Ղազախստանի կողմից Ադրբեջանին զենքի վաճառքը բխում է ոչ միայն բիզնես շահերից, այլև հետապնդում է քաղաքական նպատակներ. - «Նրանք բազմաթիվ անգամներ ասել են, որ Ադրբեջանի հետ հարաբերությունները իրենց համար մեծ նշանակություն ունեն: Ցանկացած քաղաքական որոշում ընդունելիս անընդհատ ընդգծում են դա, որ հաշվի են առնում Ադրբեջանի շահերը: Որևէ նորություն այստեղ չկա: Խնդիրն այն է, թե ոնց է Հայաստանն այս ամեն ինչին վերաբերվում»:
ՄԱԿ-ի սովորական սպառազինությունների ռեգիստրից տեղեկանում ենք, որ միայն 2012 թվականին Բելառուսը Ադրբեջանին է վաճառել 62 միավոր Տ72 տեսակի տանկ և 1 հատ Սու 25 ռազմական օդանավ։