ՍԴ-ն վաղը կքննարկի առանց դատարանի որոշման հաշիվների սառեցման դեմ հայցը ընդունելու հարցը

Հայաստան -- ՍԴ նիստ, արխիվ

Այսօր Սահմանադրական դատարանից «Ազատությանը» փոխանցեցին, որ առանց տեղյակ պահելու և առանց դատարանի որոշման քաղաքացիների բանկային հաշիվները սառեցնելու դեպքերի առնչությամբ Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացրած դիմումն ընդունելու հարցը քննարկվելու է վաղն առավոտյան։

Առանց տեղյակ պահելու և առանց դատարանի որոշման քաղաքացիների բանկային հաշիվները սառեցնելու դեպքերը արդեն հազարների են հասնում։ Խնդիրն այն է, որ քաղաքացին պատշաճ չի տեղեկացվում, որ մի օր տուգանվել է օրինակ ճանապարհային երթևեկության կանոն խախտելու համար, անցնում է, որոշ ժամանակ և նա անակնկալ կերպով պարզում է, որ իր բանկային հաշիվը սառեցվել է՝ իր համար անհայտ տուգանքը չմուծելու պատճառով։ Այս խնդրի հետ կապված բազմաթիվ քաղաքացիներ դիմել են նաև Մարդու իրավունքների պաշտպանին, ով հարցը բարձրացրել է Սահմանադրական դատարանում։ Պաշտպանի կարծիքով սա սահմանադրության կոպիտ խախտում է, քանի որ քաղաքացին արդար դատաքննության և սեփականության անձեռնմխելիության իրավունք ունի։

Իրավաբանների կարծիքով այս գործընթացում մի շարք օրենքներ են խախտվում։ Նախ՝ քաղաքացին պատշաճ չի տեղեկացվում տուգանվելու մասին: Բանկերն էլ, իրենց հերթին, հաշվում տուգանքի չափով գումար սառեցնելու փոխարեն արգելանք են դնում ամբողջ հաշվի վրա։

Ավելի գլոբալ խնդիր է նաև այն փաստը, որ տարեսկզբից ուժի մեջ են մտել «Վարչական իրավախախտումների մասին» օրենսգրքում կատարված փոփոխությունները, որոնք հարկադիր ծառայությանը առանց դատարանի որոշման քաղաքացու հաշվի վրա արգելանք դնելու իրավունք են տալիս։ Մասնագետների կարծիքով սա սահմանադրության կոպիտ խախտում է։

Օրերս մի խումբ հանրապետական պատգամավորներ հայտարարեցին, որ այս խնդրի հետ կապված օրինագիծ են մշակում։

Նոր օրինագիծը լուծում է արգելանքի հետ կապված խնդիրը, այսինքն եթե օրինակ բանկը արգելափակի հաշիվը ամբողջությամբ, ապա պատասխանատվության կենթարկվի, «Ազատության» հետ զրույցում ասաց օրինագծի հեղինակներից պատգամավոր Արփինե Հովհաննիսյանը:

Վարորդների իրավունքների համար բողոքի ցույցեր անցկացնող «Դուրս մեր գրպանից» նախաձեռնության անդամ Վարդան Հակոբյանի խոսքով հանրապետական պատգամավորների առաջարկած օրենքի նախագիծը ըստ էության ոչ մի լուրջ խնդիր չի լուծում:

«Կարևոր էտապների մասին՝ փուլերի մասին, ոչինչ չկա այս օրենքում», - ասում է նա: Հակոբյանի կարծիքով առավել կարևոր խնդիրներ էին ոչ պատշաճ ծանուցումը և առանց դատարանի որոշման բռնագանձումները։

Օրերս այս հարցին անդրադարձել է նաև արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը: Նա նույնպես խոսել է բանկերի կողմից ամբողջությամբ սառեցվող հաշիվների մասին, նշելով, որ խնդիրը բանկերի հետ է կապված։ Մյուս խնդիրներին նախարարը չի անդրադառնում։

ԱԺ հանրապետական պատգամավոր Արփինե Հովհաննիսյանն էլ ասաց, որ օրենքի նախագծի շրջանակներում հնարավոր է նաև քննարկեն առանց դատարանի որոշման քաղաքացիներին տուգանելու հարցի իրավացիությունը։

Վերջին շրջանում այս հարցի շուրջ պաշտոնյաների աճող հետաքրքրությունը Վարդան Հակոբյանի կարծիքով խնդրի մասշտաբներից է գալիս, մինչդեռ նրա բնորոշմամբ՝ հանրապետականները հիմնական խնդիրը թողած, զբաղվում են երկրորդականով, իսկ վարորդները շարունակում են տուժել։

«Դատական կարգով ես պետք է հիմնավորեմ, որ ես չեմ կարողանում, կամ ես համաձայն չեմ: Դատարանը տեսնի, որ ես միտումնավոր խուսափում եմ վճարելուց, նոր, որպես ծայրահեղ քայլ, սառեցնի իմ աշխատավարձը, այսինքն՝ զրկի իմ սեփականությունից: Քաղաքացուն ոչ մի իրավունք տրված չէ: Ընդհանրապես սեփականությունից զրկելը, որը ԴԱՀԿ-ի գործառույթն է, ծայրահեղ քայլ պետք է լինի», - ասում է նա: