«Ո՛չ թալանին» քաղաքացիական նախաձեռնությունն անվստահություն է հայտնում Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից էլեկտրաէներգի մատակարարող ընկերություններում 2014-2015 թվականների ծախսերի և պարտավորությունների համար կատարված ուսումնասիրությունների, ինչպես նաև հուլիսի 1-ին էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման շուրջ ծավալած քննարկումների ու ներկայացրած պատճառաբանությունների առնչությամբ։
Այսօր տարածած հաղորդագրությունում նախաձեռնությունը տեղեկացնում է, որ ստորագրահավաք է սկսել էլեկտրաէներգիայի մատչելի սակագների սահմանման համար՝ 8 կետերով ներկայացնելով իր պահանջները:
Այդ պահանջների թվում են, մասնավորապես, հանձնաժողովի ձևավորումը՝ ուսումնասիրություն իրականացնելու նպատակով, որը վերստուգման և վերահաշվարկի կենթարկի էլեկտրաէներգետիկական համակարգի տվյալ ընկերությունների նախորդ 8 տարիներին ստացած եկամուտները և կատարած ծախսերը, ներառյալ՝ 17․9 միլիարդ դրամ (մոտ 44 միլիոն դոլար) մատնանշվող ճեղքվածքը, «Ո՛չ թալանին» քաղաքացիական նախաձեռնության մասնագետներին և Ազգային ժողովի յուրաքանչյուր խմբակցությունից մեկական ու անկախ պատգամավորներին հանձնաժողովի լիիրավ մասնակից դարձնելը, հանձնաժողովի աշխատանքների լիարժեք հրապարակայնության ապահովումը, էլեկտրաէներգիայի սակագները մինչև հանձնաժողովի աշխատանքների ավարտը չբարձրացնելը։