Լուանդան մնում է օտարերկրացիների համար ամենաթանկ քաղաքը աշխարհում

Անգոլայի մայրաքաղաք Լուանդան երեկոյան

Mercer վերլուծական կենտրոնի կազմած՝ 211 քաղաք ընդգրկող աղյուսակում Երևանը 187-րդն է:

Mercer վերլուծական կենտրոնը հրապարակել է արտասահմանյան քաղաքացիների բնակության համար ամենաթանկ քաղաքների աղյուսակը, որը երկրորդ տարին անընդմեջ գլխավորում է Անգոլայի մայրաքաղաք Լուանդան:

Անգոլայի մայրաքաղաքում, մասնավորապես, երկու ննջարանով բնակարանն ամսական արժե 6 հազար 600 դոլար, մեկ ջինսե տաբատի գինը 242 դոլար 81 սենթ է, իսկ ընդամենը մեկ սենդվիչը և մեկ գազավորված ըմպելիքը միասին արժեն 19 դոլար:

30 տարի շարունակ քաղաքացիական պատերազմի թոհուբոհում գտնվող Անգոլայի Լուանդա քաղաքում ապահով ապրելու համար բավականին թանկ պետք է վճարել:

Աշխարհի ամենաթանկ քաղաքում, սակայն, գազի գինը մեկ լիտրի դիմաց ընդամենը 0.61 դոլար է կազմում:

Վերլուծաբանները Լուանդայում ապրուստի այդքան բարձր արժեքը բացատրում են առօրյա գործածության գրեթե բոլոր ապրանքների ներմուծման անհրաժեշտությամբ:

Աշխարհի ամենաթանկ տասը քաղաքների ցանկում իններորդ հորիզոնականը զբաղեցնող Մոսկվան ապրելու համար չափազանց թանկ վայր է դարձել նավթի բարձր գների ու բարձր սղաճի արդյունքում:

Ռուսաստանի մայրաքաղաքում երկուսենյականոց բնակարանի ամսական վարձը 4 հազար 700 դոլար է, մեկ լիտր կաթը՝ 6.81 դոլար, իսկ կրպակում վաճառվող միջազգային օրաթերթը՝ 8.52 դոլար:

Ամերիկյան Mercer խորհրդատվական ընկերության հետազոտության ժամանակ հաշվի են առնվել տվյալ քաղաքի գիշերակացի, սննդի, վառելանյութի, սպասարկման ոլորտի ծառայությունների, ինչպես նաև մոտ 200 անուն ապրանքատեսակների գները։

Հետազոտությունն անցկացվել է աշխարհի 211 քաղաքներում:

Երևանը այս աղյուսակում զբաղեցնում է 187-րդ հորիզոնականը: Ուշագրավ է, որ ըստ նախորդ տարվա ուսումնասիրությունների Երևանն ու Թբիլիսին գտնվում էին նույն հորիզոնականում՝ 195-րդ տեղում, սակայն 2014 թվականի ուսումնասիրությունների տվյալներով Թբիլիսիում կյանքը ավելի էժան է նախորդ տարվա համեմատ, քան Երևանում:

Եթե Թբիլիսիի համեմատ Երևանում, այնուամենայնիվ, ինչ-որ ապրանքատեսակներ աննշան տոկոսներով էժան են, ապա Բաքվի կյանքը Երևանից 20-50 տոկոսով թանկ է: Օրինակ, Երևանում երկու հոգու՝ մեկ օրվա համար նախատեսված հացը 235 դրամ է (0.6 դոլար), Թբիլիսիում՝ 216 դրամ, իսկ Բաքվում՝ 313 դրամ: Մեկ կիլոգրամ լոլիկը Երևանում 411 դրամ է, Թբիլիսիում՝ 672, իսկ Բաքվում 1065 դրամ: