Բրազիլիայում ավարտվող ֆուտբոլի աշխարհի առաջնությունում երրորդ տեղը գրավեց և բրոնզե մեդալների արժանացավ Նիդերլանդների հավաքականը։
Երրորդ տեղի համար խաղում Նիդերլանդները խոշոր՝ 3:0 հաշվով առավելության հասավ դաշտի տերերի նկատմամբ։ Խաղի հաշիվը արդեն 3-րդ րոպեին 11-մետրանոցից բացեց Ռոբին վան Պերսին, 17-րդ րոպեին այն կրկնապատկեց Դալեյ Բլինդը, իսկ հանդիպման հիմնական ժամանակին մրցավարի ավելացրած րոպեներին երրորդ գոլը խփեց Ջեորջինիո Վիյնալդումը։
Հոլանդացիները հաղթանակով ավարտեցին աշխարհի առաջնության եզրափակիչ փուլի 7 հանդիպումներից 5-ը և ոչ մի պարտություն չկրեցին խաղերի հիմնական և լրացուցիչ ժամանակում, իսկ հետխաղյա 11-մետրանոցներով զիջեցին միայն Արգենտինային՝ կիսաեզրափակիչում։ Նիդերլանդները այս առաջնությունում 5:1 հաշվով հաղթեց աշխարհի գործող չեմպիոն Իսպանիային, 3:0՝ աշխարհի հնգակի չեմպիոն Բրազիլիային։
Կիրակի օրը կկայանա աշխարհի առաջնության եզրափակիչ հանդիպումը Գերմանիայի և Արգենտինայի հավաքականների միջև։ Հաղթելու դեպքում Գերմանիան կդառնա աշխարհի քառակի, Արգենտինան՝ եռակի չեմպիոն։