Ուրբաթ օրը Քարվաճառի տարածքում հակառակորդի դիվերսիոն խմբի չեզոքացման ժամանակ հայ զինվորները ոչնչացրել են ևս մեկ դիվերսանտի, սակայն փոխհրաձգության ժամանակ զոհվել է հայ սպա և վիրավորվել է մի կին:
Այս մասին այսօր Եղեգնաձոր քաղաքում 4-րդ բանակային կորպուսի հիմնադրման 17-ամյակին նվիրված զորահանդեսի ժամանակ հայտնել է պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը։
Տեղեկատվությունը փոխանցում է պաշտպանության նախարարության խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը՝ իր «Ֆեյսբուք»-ի էջի միջոցով։
Հուլիսի 10-ին Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակը հաստատել էր տեղեկություններն այն մասին, որ ադրբեջանական կողմը հերթական հետախուզադիվերսիոն ներթափանցման փորձն է կատարել` այս անգամ Քարվաճառի ուղղությամբ:
Պաշտոնական տեղեկատվության համաձայն, Ղարաբաղի պաշտպանության բանակի առաջապահ զորամասերի կողմից ձեռնարկված օպերատիվ գործողությունների արդյունքում հակառակորդի հետախուզադիվերսիոն խումբը ժամանակին հայտնաբերվել էր, անդամների մի մասը ձերբակալվել էին, մյուսները դիմել էին փախուստի։