Amnesty International. Ուկրաինայի արևելքում կողմերը կտտանքներ են կիրառում

Ըստ Amnesty International իրավապաշտպան կազմակերպության հրապարակած զեկույցի, Ուկրաինայի արևելքում ընթացող հակամարտության երկու կողմերն էլ կտտանքներ են կիրառում:

Իրավապաշտպանները վերջին ամիսներին առևանգումների և բռնության ենթարկելու հարյուրավոր փաստագրական վկայություններ են ներկայացրել զեկուցյում թե' անջատողականների, թե' ուկրաինական զինվորականների կողմից:

«Առևանգումների և կտտանքների մասին վկայություների մեծ մասը, սակայն, վերաբերում է անջատողականներին», - հայտարարել է Amnesty International-ի Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի գծով փոխտնօրեն Դենիս Կրիվոշեևը:

Տեղեկատվություն կտտանքների ենթարկված մարդկանց ստույգ թվի մասին չկա: Amnesty International-ը նշում է շուրջ 100 քաղաքացիական անձանց անուն, որոնց գերեվարել են հակամարտող կողմերը: ՄԱԿ-ը հաղորդում է, որ 222 հոգի է առևանգվել վերջին երեք ամիսների ընթացքում: Մինչդեռ Ուկրաինայի ներքին գործերի նախարարությունը նշում է մոտ 500 դեպք:

Իրավապաշտպան կազմակերպության զեկույցում հավաքված են փաստագրական վկայություններ տեղի ունեցած դաժան կտտանքների և ծեծի վերաբերյալ, որոնց Ուկրաինայի արևելքում ենթարկվել են ակտիվիստները, բողոքի ակցիայի մասնակցիներն ու լրագրողները:

19-ամյա Ալեքսանդրը Կիևի իշխանություններին աջակցող ակտիվիստներից է, նա առևանգվել է Լուգանսկում անջատողականների կողմից և օրեր շարունակ կտտանքների ենթարկվել: Amnesty International-ին նա պատմել է հետեւյալը. - «Կես ժամ - քառասուն րոպեից հետո արդեն ցավ չէի զգում, դրանից հետո նրանք ինձ էլեկտրահարել են: Նաև ծխախոտ էին հանգցնում իմ ոտքին ու էլի ու էլի վառում էին այդ վերքը»:

Տղային անջատողականները բաց են թողել միայն, երբ նրա հորից 60 հազար դոլար փրկագին են ստացել:

Մյուս պատմությունը «Հանուն միացյալ Ուկրաինայի» բողոքի ակցիայի մասնակիցներից Հանայինն է. նա գերեվարվել է Դոնեցկում մայիսի 27-ին և 6 օր պահվել է բանտում մինչև գերիների փոխանակությունը: Հանան պատմել է Amnesty International-ին, որ իրեն դաժանորեն ծեծել են, բռունցքներով հարվածել են դեմքին, դանակով վնասվածքներ են հասցրել, կտրել են մատը և ստիպել են սեփական արյամբ անջատողական կարգախոսներ գրել բանտախցի պատին:

Իրավապաշտպան կազմակերպությունը ներկայացնում է վկայություններ նաև ռուսամետ ակտիվիստներին տանջելու մասին: Մարիուպոլում տեղի պաշտոնյաներից մեկը պատմել է, թե ինչպես են իրենք լսել գերի ընկած ռուսամետ ակտիվիստի ճիչերը, երբ նրան տանջելով փորձել են տեղեկություններ ստանալ անջատողականների գտնվելու վայրի մասին:

Ներկայացնելով դաժան այս փաստերը հակամարտող Ուկրաինայի վերաբերյալ` Amnesty International-ը կոչ է անում հակամարտության երկու կողմերին էլ վերջ դնել մարդկանց առևանգումներին և կտտանքներին:

Իսկ Ուկրաինայի իշխանություններին իրավապաշտպան կազմակերպությունը կոչ է անում նման միջադեպերից յուրաքանչյուրրի վերաբերյալ մարնակրկիտ հետաքննություն անցկացնել: