Սոչիում կայացավ Հայաստանի և Ռուսաստանի վարչապետների հանդիպումը

Լուսանկարը՝ Հայաստանի կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության

Հանդիպմանը քննարկվել են երկկողմ ռազմավարական հարաբերություններին առչվող օրակարգային մի շարք հարցեր։

Սոչիում ուրբաթ օրը կայացել է Հայաստանի և Ռուսաստանի վարչապետներ Հովիկ Աբրահամյանի և Դմիտրի Մեդվեդևի հանդիպումը:

Հայաստանի կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ հանդիպմանը քննարկվել են երկկողմ ռազմավարական հարաբերություններին առչվող օրակարգային մի շարք հարցեր։

Ողջունելով Աբրահամյանին՝ Մեդվեդևն ասել է, որ Հայաստանն ու Ռուսաստանը ունեն դաշնակցային հարաբերություններ, և այդ մասին խոսելու հարկ էլ չկա։

Հանդիպման ընթացքում քննարկված հարցերը վերաբերել են առևտրատնտեսական և ներդրումային ոլորտներում երկկողմ համագործակցությանը` ներառյալ էներգետիկ, արդյունաբերական և ենթակառուցվածքների բնագավառների համատեղ ծրագրերը:

Աբրահամյանը նշել է, որ դրանք էապես կնպաստեն Հայաստանի տնտեսության զարգացմանն ու առաջընթացին:

Միաժամանակ, Հայաստանի և Ռուսաստանի վարչապետները գոհունակություն են հայտնել երկկողմ առևտրաշրջանառության աճող ծավալի մակարդակից և վստահություն հայտնել, որ այն կշարունակի նոր թափ ստանալ Հայաստանի՝ Եվրասիական տնտեսական միությանը միանալուց հետո:

Այցի շրջանակում Սոչիում երկու երկրների կառավարությունների միջև ստորագրվել է Ռուսաստանի տարածքում Հայաստանի և Հայաստանի տարածքում Ռուսաստանի քաղաքացիների գտնվելու կարգի մասին համաձայնագիր:

Հայաստանի կառավարության անունից համաձայնագիրն ստորագրել է Տարածքային կառավարման նախարարության Միգրացիոն պետական ծառայության պետ Գագիկ Եգանյանը, իսկ Ռուսաստանի կառավարության անունից՝ Դաշնային միգրացիոն ծառայության ղեկավար Կոնստանտին Ռոմոդանովսկին:

Համաձայնագրով նախատեսվում է, որ մի կողմի պետության տարածքում ժամանակավորապես գտնվող մյուս կողմի պետության քաղաքացիներն ազատվում են մուտքի պետության իրավասու մարմիններում 30 օրվա ընթացքում գրանցվելու (ըստ գտնվելու վայրի՝ հաշվառման կանգնելու) պարտականությունից:

Համաձայնագիրը նպաստավոր պայմաններ կստեղծի Հայաստանից Ռուսաստան մեկնող քաղաքացիների, այդ թվում՝ աշխատանքային միգրանտների համար:

Այցի ավարտին Հովիկ Աբրահամյանը Ռուսաստանի տրանսպորտի նախարար, Հայ - ռուսական միջկառավարական տնտեսական հանձնաժողովի ռուսական կողմի համանախագահ Մաքսիմ Սոկոլովի ուղեկցությամբ այցելել է Սոչիի օլիմպիական ավան՝ ծանոթացել իրականացված աշխատանքներին:

Վարչապետի աշխատանքային այցը Ռուսաստան ավարտվել է։ Հովիկ Աբրահամյանի գլխավորած կառավարական պատվիրակությունն այսօր երեկոյան կվերադառնա Երևան: