Միացյալ Նահանգների պետքարտուղար Ջոն Քերրին նախապես չհայտարարված այցով ժամանել է Աֆղանստան՝ փորձելու համար մեղմել այդ երկրում վիճահարույց նախագահական ընտրությունների հետևանքով սկիզբ առած հուզումները։
Պետդեպարտամենտի ներկայացուցիչը հաղորդել է, որ Քերրին հանդիպելու է նախագահի թեկնածուներ Աբդուլա Աբդուլայի և Աշրաֆ Ղանիի, ինչպես նաև նախագահի պաշտոնին հրաժեշտ տվող Համիդ Քարզայի հետ։
Աֆղանստանի անկախ ընտրական հանձնաժողովը հայտարարել է, որ նախնական արդյունքներով` հունիսի 14-ին անցկացված ընտրությունների երկրորդ փուլում հաղթել է Աշրաֆ Ղանին՝ ստանալով քվեների 56.44 տոկոսը, սակայն հուլիսի 22-ին, երբ կհրապարակվեն վերջնական արդյունքները, այդ տվյալները կարող են փոփոխվել։
Առաջին փուլում հաղթած թեկնածու Աբդուլա Աբդուլան չի ընդունում ընտրությունների նախնական արդյունքները։