Հայաստանցի «խոպանչիների» մի մեծ բանակ այս տարի այդպես էլ չկարողացավ Ռուսաստան արտագնա աշխատանքի մեկնել: Շատերի համար պատճառն այդպես էլ պարզ չդարձավ, ամեն դեպքում նրանց մուտքը Ռուսաստան արգելված էր՝ 3-5 տարի ժամկետով: Շիրակի մարզից ևս բավականին մեծ թիվ կազմեց, այսպես ասած, արգելանքի տակ ընկածների թիվը:
Հայաստանի միգրացիոն ծառայությունը ռուսաստանյան կողմի հետ բանակցում է, որ շատերի համար արգելանքը վերանա: Նրանց հանձնարարականով համայնքապետարանները արգելանք ունեցողներից դիմումներ են ընդունում, դրանք ամբողջանում են մարզպետարանում ու ուղարկվում Ռուսաստանի միգրացիոն ծառայություն: Դիմումը գրվում է Ռուսաստանի միգրացիոն ծառայության պետի՝ Ռոմադանսկու անունով:
«Տարան ինձի դատարան, դատարանով վիդվարենի արին ուշացման համար: Գադավոյ գնացի որ վերցնեի, ասեցին՝ չէ: Եթե ճանապարհս բացվի, ես էլի կերթամ, աշխատանք չունիմ, ինչո՞վ ապրեմ: Եթե գնամ տեսնիմ, որ ընդեղ լավ եղավ, ընտանիքիս էլ կտանիմ, որովհետև ստեղ հույսեր չունիմ», - «Ազատության» հետ զրույցում պատմեց մի գյումրեցի, ում մուտքը Ռուսաստան արգելվել է:
Մոտ մեկ ամիս է, ինչ այս գործընթացը սկսված է, և Շիրակի մարզից 500 դիմում է ուղարկվել: Շիրակի մարզպետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Սամվել Գրիգորյանից հետաքրքրվեցինք, թե դիմումատուները ի՞նչ են նշում դիմումներում․ -«Շատ ընտանիքներ կան, որոնք մասնատված են: Ասենք կինը, երեխաները համարվում են ՌԴ քաղաքացի, կամ հակառակը: Այսինքն՝ ինչ-որ վերամիավորման խնդիր է առաջացել, պարզապես երևի իրենց, հիմնականում, չիմացության պատճառով»:
Հաշվի առնելով, որ պետական կառույցները ուղղակի կամ անուղղակի ներգրավված են այդ քաղաքացիների՝ Ռուսաստան մեկնելու թույլտվությունը վերականգնելու գործում, ըստ էության, ստացվում է, որ պետությունն այդպիսով նպաստում է սեփական քաղաքացիների արտագաղթին:
Այդպե՞ս է արդյոք: Այս հարցով դիմեցինք ժողովրդագրագետ Արտաշես Բոյաջյանին:
«Հա մարդիկ գնան, բայց սեզոնային աշխատանքի: Ոնց որ պետությունը իր առջև խնդիր չի դրել աշխատատեղ ստեղծելու: Էդ առումով բնական է, որ նա պիտի նպաստավոր պայմաններ ստեղծի, որ մարդիկ մեկնեն արտագնա աշխատանքի: Եվ դա նաև լրացուցիչ օգնություն է պետությանը, որովհետև գումարներ են ուղարկում հարազատներին և դա քիչ թիվ չի կազմում», - ասաց ժողովրդագրագետը: