Դոնեցկի մարզում ռուսամետ անջատականները պատանդ են վերցրել ադրբեջանական ընտանիքի 4 անդամների: Սնեժնոյե քաղաքում գրոհայինները նախ պատանդ են վերցրել Ռովշան Հասիմովին, նրա կնոջը և որդուն, այնուհետև նրա կրտսեր եղբոր որդուն՝ 18-ամյա Էլվին Հասիմովին:
«Ուկրաինայի ուժային կառույցների օգնությամբ մեզ հաջողվեց ազատել իմ եղբայր Ռովշանին և նրա ընտանիքին: Նրանց ծեծել էին: Երկրորդ եղբորս որդին՝ Էլվինը, դեռ գերության մեջ է: Մենք նրա մասին տեղեկություն չունենք: Գրոհայինները ոչ մի պահանջ չեն առաջադրում», - պատանդառվածների ազգական, գործարար, Ուկրաինայի քաղաքացի Ռամիզ Հասիմովի խոսքերն է մեջբերում ադրբեջանական APA լրատվական գործակալությունը:
Հասիմովը պատմել է, որ Դոնեցկի մարզում իրենք զբաղվում են ֆերմերությամբ:
Ուկրաինայում Ադրբեջանի դեսպանատան հյուպատոսական հարցերով առաջին քարտուղար Ասիմ Օսմանովը հաստատել է պատանդ վերցված ադրբեջանցիների մասին տեղեկատվությունը՝ հավելելով, որ բոլոր անհրաժեշտ միջոցները ձեռնարկում են Էլվին Հասիմովին ազատելու համար: