Չորեքշաբթի օրը պետական այցով Ուրուգվայ ժամանած Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպումներ է ունեցել այդ երկրի նախագահ Խոսե Մուխիկայի, փոխնախագահ, Սենատի նախագահ Դանիլո Աստորիի հետ:
Մինչ Մուխիկայի հետ հանդիպումը, Սարգսյանն այցելել է Անկախության հրապարակ, ծաղկեպսակ դրել գեներալ Խոսե Արտիգասի հուշարձանին և հարգանքի տուրք մատուցել:
Հայաստանի և Ուրուգվայի նախագահները քննարկել են միջպետական կապերի ամրապնդմանն ու համագործակցության զարգացմանն ուղղված հարցերի լայն շրջանակ: Երկու երկրների նախագահները նշել են, որ Հայաստանի և Ուրուգվայի միջև փոխադարձ հարգանքի և վստահության հիման վրա ձևավորվել են ջերմ բարեկամական հարաբերություններ: Սարգսյանն ընդգծել է, որ Հայաստանը շահագրգռված է Ուրուգվայի հետ համընդգրկուն օրակարգի զարգացմամբ՝ քաղաքական, առևտրատնտեսական, մշակութային և երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ ոլորտներում և պատրաստակամ՝ այդ նպատակին ուղղորդելու անհրաժեշտ ջանքեր:
Հայ - ուրուգվայական համագործակցության զարգացման գործում զրուցակիցները կարևորել են փոխադարձ այցելությունների, երկու երկրների արտաքին գերատեսչությունների միջև պարբերական շփումների անհրաժեշտությունը: Այդ համատեքստում Հայաստանի նախագահը կարևորել է 2012 թվականին Ուրուգվայի արտգործնախարար Լուիս Ալմագրոյի և Ներկայացուցիչների պալատի նախագահ Խորխե Օռիկոյի այցերն ու Ուրուգվայի զբոսաշրջության և սպորտի նախարար, հայազգի Լիլիամ Քեշիշյանի՝ անցյալ տարի նոյեմբերին Երևան կատարած այցը:
Հայ - ուրուգվայական հարաբերությունների խորացման համատեքստում զրուցակիցները կարևորել են նաև իրավապայմանագրային դաշտի ընդլայնումը և փաստել, որ Հայաստանի նախագահի այցի շրջանակներում երկու երկրների իրավապայմանագրային բազան կհամալրվի մի քանի նոր կարևոր համաձայնագրերով:
Հայաստանի նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ Սերժ Սարգսյանը և Խոսե Մուխիկան կարևորել են արդյունավետ գործակցությունը նաև միջազգային կազմակերպությունների շրջանակներում:
Նախագահները համակարծիք են եղել, որ հայ - ուրուգվայական հարաբերությունների զարգացմանը, անշուշտ, մեծապես նպաստում է Ուրուգվայի հայ համայնքը, որը պատմության տարբեր ժամանակահատվածներում բնակություն է հաստատել Ուրուգվայում, ակտիվ մասնակցություն ունի երկրի հասարակական, քաղաքական կյանքում և իր համեստ նպաստն է բերում բարեկամ Ուրուգվայի զարգացմանը:
Հայաստանի և Ուրուգվայի նախագահները կարևորել են նաև այն հանգամանքը, որ երկու երկրների մոտեցումներն ու դիրքորոշումները համամարդկային նշանակության հարցերի շուրջ համահունչ են: Դրա վառ ապացույցը, ըստ Սերժ Սարգսյանի, այն է, որ դեռևս 1965 թվականին աշխարհում առաջինը ճանաչելով Հայոց ցեղասպանությունը` Ուրուգվայը կանգնել է արդարության պաշտպանի հարթակին` շահելով համայն հայության անմնացորդ համակրանքն ու հարգանքը` որպես անկեղծ և հուսալի բարեկամ: Սերժ Սարգսյանի խոսքով՝ հայ ժողովրդի և համայն մարդկության դեմ այս ծանրագույն ոճրի ճանաչման և դատապարտման գործում Ուրուգվայը կատարել է թերևս ամենածանրակշիռ ներդրումը:
Հանդիպման ավարտին ստորագրվել են մի շարք ոլորտներում երկու երկրների միջև համագործակցության զարգացմանն ու խորացմանն ուղղված փաստաթղթեր, մասնավորապես՝ երկու երկրների կառավարությունների միջև տնտեսական համագործակցության մասին համաձայնագիր, սովորական անձնագրերի դեպքում մուտքի արտոնագրի պահանջի վերացման մասին համաձայնագիր, Հայաստանի և Ուրուգվայի միջև համագործակցության մասին շրջանակային համաձայնագիր, սպորտի բնագավառում համագործակցության մասին համաձայնագիր: Այցի արդյունքներով Հայաստանի և Ուրուգվայի նախագահները ստորագրել են համատեղ հայտարարություն:
Սերժ Սարգսյանի և Դանիլո Աստորիի հանդիպմանն անդրադարձ է եղել Հայաստանի և Ուրուգվայի միջև միջխորհրդարանական կապերի զարգացմանը, զրուցակիցները մեծ դեր են վերապահել երկու խորհրդարաններում գործող բարեկամության խմբերին:
Ուրուգվայի փոխնախագահը ընդունել է Սերժ Սարգսյանի հրավերը՝ այցելելու Հայաստան, նշելով, որ մեծ է ցանկությունը լինել իր բազմաթիվ ընկերների և բարեկամների հայրենիքում, որոնց հետ ունի ջերմ կապեր: Աստորին արձանագրել է, որ Ուրուգվայի խորհրդարանում և Սենատի աշխատակազմում կան ծագումով հայեր, ովքեր իրենց նպաստն են բերում օրենսդիր աշխատանքին:
Դանիլո Աստորին իր երկրի անունից առաջարկել է Հայաստանին Ուրուգվայը որպես դարպաս օգտագործել Հարավային Ամերիկայի տարածաշրջանի այլ երկրների հետ առևտրատնտեսական կապեր զարգացնելու համար:
Պետական այցի շրջանակներում Հայաստանի նախագահն այցելել է Մոնտեվիդեոյում գտնվող «Հայաստան» հրապարակ: Նախագահը հարգանքի տուրք է մատուցել հրապարակի հարևանությամբ տեղադրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող խաչքարի մոտ:
Սերժ Սարգսյանն այցելել է նաև գյուղատնտեսական մեծ ներուժ ունեցող Ուրուգվայի «Կոնապրոլե» կաթնամթերքի արտադրական միավորում, որտեղ նրան ներկայացրել են արտադրանքի շուրջ 70 տոկոսն աշխարհի բազմաթիվ երկրներ արտահանող այդ գործարանի ամբողջ արտադրատեսականին, ծանոթացրել արտադրական հզորություններին:
Հայաստանի նախագահը այսօր Մոնտեվիդեոյում հանդիպում կունենա նաև Ուրուգվայի Գերագույն դատարանի նախագահ դոկտոր Խորխե Լառիյո Ռոդրիգեսի հետ:
Օրվա ավարտին ի պատիվ պետական այցով Ուրուգվայում գտնվող Սերժ Սարգսյանի՝ Խոսե Մուխիկայի անունից կտրվի պաշտոնական ճաշ: