Մոսկվան Բաքվի պատվիրած ուղղաթիռները մատակարարում է ըստ ժամանակացույցի

Ռուսական արտադրության Ми-35 ուղղաթիռը, արխիվ

Ռուսաստանը Ադրբեջանի պատվիրած ուղղաթիռների մատակարարումը կավարտի մինչև 2015 թվականի վերջը: Այդ մասին APA լրատվական գործակալությանը հայտնել են «Վերտոլյոտի Ռոսիի» ընկերությունից:

Ռուսաստանյան ընկերությունը «Ռոսօբորոնէքսպորտ» պետական կոնցեռնի գծով ուղղաթիռների մատակարարումներն իրականացնում է ըստ ժամանակացույցի, մինչ օրս ադրբեջանական կողմին են փոխանցվել բոլոր 24 միավոր Ми-35М մարտական ուղղաթիռները, ինչպես նաև Ми-17 ուղղաթիռների մի մասը: «Ներկայումս շարունակվում է Ми-17 ուղղաթիռների մատակարարումը: Այդ ուղղաթիռների գծով պայմանագրի ժամկետը ավարտվում է մյուս տարի», - ասված է ընկերության հաղորդագրությունում:

Ընկերության ներկայացուցչի խոսքերով՝ երկու տարի առաջ ադրբեջանական կողմը հետաքրքրություն է ցուցաբերել Ка-52 «Аллигатор» մարտական ուղղաթիռների նկատմամբ, ներկայումս այդ հարցով բանակցություններ են ընթանում:

2010 թվականին Ռուսաստանի և Ադրբեջանի միջև 24 միավոր Ми-35М, ինչպես նաև 40 միավոր Ми-8, Ми-17 և Ми-17В1 ուղղաթիռների առքուվաճառքի պայմանագիր է կնքվել: