Վարչապետը այցելեց Տավուշի մարզ

Your browser doesn’t support HTML5

Շաբաթ օրը Տավուշի մարզ իր այցելության ժամանակ վարչապետ Հովիկ Աբրահամյանը խոստացավ ամեն ինչ անել, որպեսզի սահմանամերձ գյուղերը չդատարկվեն, դրանց բնակիչները գոնե փոքր-ինչ գոհ լինեն իրենց կյանքից:

Վարչապետը նախ ծանոթացավ մարզի այլընտրանքային ճանապարհի կառուցման ընթացքին:

Հիշեցնենք, որ անցած տարեվերջին, երբ ադրբեջանական կողմից ռմբակոծությունների թիվը ավելացավ, Վազաշեն - Պառավաքար հիմնական ճանապարհը դարձավ վտանգավոր, և Կառավարությունը որոշեց միառժամանակ դադարեցնել երթևեկությունը ճանապարհի այդ հատվածով՝ հենց տարածքի բնակչության անվտանգության համար: Հետո Կառավարությունը որոշում կայացրեց, որ նոր ճանապարհ պետք է կառուցի՝ այն ուղղակի անտառի միջով փոքր ճանապարհ է, որը Կառավարությունը, փաստորեն, լայնացնում է, նորոգում, և որը պետք է այլընտրանք լինի Վազաշեն - Պառավաքար ճանապարհի որոշակի հատվածի:

Նշվեց, որ ճանապարհի հողային աշխատանքների 90 տոկոսն ամբողջությամբ ավարտված է, մոտ 250 մետր երկարությամբ հատվածում կառուցվում է 5-10 մետր բարձրությամբ պատ, որը թույլ չի տա, որ ճանապարհը տեսանելի լինի հակառակորդի դիպուկահարների կողմից:

Մի քանի ամիս առաջ պատասխանատուն՝ Տրանսպորտի նախարարությունը ասում էր, որ ճանապարհը շահագործման կհանձնվի հունիսի 30-ին, բայց, փաստորեն, ճանապարհը դեռ ավարտված չէ, դեռ որոշակի խնդիրներ կան: Պատասխանատուները ասացին, որ եղանակային պայմաններն են պատճառ եղել և հակառակորդի կրակոցները, Կառավարության ներկայացուցիչներին խնդրեցին ևս երկու ամիս ժամանակ տրամադրել: Հովիկ Աբրահամյանը հորդորեց մինչև օգոստոս ավարտել այդ ճանապարհը:

Կրակոցներից վարչապետի հետ հանդիպմանը խոսեցին նաև սահմանամերձ Մովսես գյուղում։ Մեկը մյուսին հերթ չտալով մովսեսցիները վարչապետին էին ներկայացնում սահմանամերձ բնակավայրի խնդիրները. - «Սահմանի բերանի տունն էլ ապրում ենք, ոչ ջուր ունենք, սահմանի վրա էլ ապրում ենք, սահմանը մերն է»։

Սահմանամերձ գյուղի բնակիչները Կառավարությունից առաջին հերթին խնդրում էին աշխատատեղ բացել գյուղերում, որ երիտասարդությունը չհեռանա. - «Մենք ցանկանում ենք, որպեսզի երիտասարդությունը մնա, մի բարերար կամ Կառավարությունը իր հետ մի արտադրություն բացի, որ երիտասարդությունը մնա այստեղ»։

Վարչապետի հետ խոսում էին հիմնականում տարեց մարդիկ, ովքեր ասում էին, որ իրենց գումարները խորհրդային ժամանակներից դեռ բանկերում են մնացել, ու արդեն հույս չունեն, որ այդ փողերը կստանան։

«Ողջ գյուղի անունից եմ խոսում՝ մեր գումարները կոպեկ կոպեկ բանկերն ենք գցել, որպեսզի շինարարություն անենք, որպես նորընտիր վարչապետ խնդրում ենք, հնարավո՞ր է դա վերադարձնել ժողովրդին», - ասաց նրանցից մեկը։

«Վերադարձնում ենք, ամեն տարի վերադարձվում է, ուղղակի ձեր հերթը երբ պիտի հասնի՝ պետք է ճշտել», - պատասխանեց Աբրահամյանը։

Նա առաջարկեց այդ հարցով փոքր-ինչ մտածել, տեսնել՝ ինչ է հնարավոր անել, հատկապես՝ սահմանամերձ այդ հատվածի բնակիչներին առաջնահերթ կարգով ավանդները վերադարձնելու համար։

Կառավարության ղեկավարը հայտնեց, որ գյուղը շուտով նոր կոմբայն կունենա, ինչպես նաև ոռոգման ջրի խնդիրը կլուծվի։

«Մեր ջրերը գնում են Ադրբեջան», - գյուղացիներից մեկի այս դիտարկմանը վարչապետը արձագանքեց. - «Պայմանավորվեցինք, հիմա նախագիծը կանենք, նայենք ինչ արժեք ունի, փորձենք արագ կառուցել [ջրամբարը]»։

Մովսեսցի մի կնոջ այն հարցին, թե արդյոք հնարավոր չէ՞ սահմանում ապրողներին արտոնություններ տալ կոմունալ վճարումների մասով, Աբրահամյանը պատասխանեց. - «Մենք չունենք նավթ, չունենք գազ, չունենք ծով, կարող ենք, օրինակ, բանակը չսպառազինել՝ Ձեր թոշակների, լույսի, գազի փողերը տանք, բա բանակը չպահենք՝ մի րոպե հետո մտնելու են գրավելով առաջ գան»։

Վարչապետը խոստացավ, մասնավորապես, փոխանցել գազի սպասարկման վճարները, տեղացի ուսանողների ուսման վարձերը։

Հաջորդ բնակավայրը, ուր այցելեցին Կառավարության ներկայացուցիչները, Վերին Կարմիրաղբյուր գյուղն էր։

Աբրահամյանը, խոսելով սահմանում ապրող այս բնակավայրերի կարևորության մասին, դրանք չլքելու մասին, ասաց. - «Ո՞նց անենք, որ խաղաղություն լինի՝ պետք է շատ կրակենք դրանց վրա, ինչքան կրակեն՝ պետք է երկու անգամ ավել կրակենք...»։

Գյուղապետ Կամո Չոբանյանը Կառավարությանը խնդրեց գյուղը ներառել սահմանամերձ բնակավայրերի ցանկում։ Վերին Կարմիրաղբյուրը սահմանին այնքան էլ մոտ չէ, բայց այդտեղ խնդիրն այլ է՝ գյուղացիների հողերը հիմնականում գտնվում են սահմանային հատվածում: Գյուղապետը առաջինը հենց այդ հարցը բարձրացրեց, որ ներառեն սահմանամերձ գյուղերի ցուցակում, որպեսզի գյուղացիները օգտվեն այն բոլոր արտոնություններից, որոնք Կառավարությունը ընձեռում է սահմանամերձ գյուղերի բնակիչներին:

Լրագրողների հետ զրույցում վարչապետն ասաց, որ ամեն ինչ կանի, որպեսզի սահմանը պահի, սահմանապահ այս գյուղերը պահի, որ դրանք չդատարկվեն, գյուղացիները գոնե փոքր-ինչ գոհ լինեն իրենց կյանքից:

«Մենք նաև կփորձենք արդեն փոքր ծրագրեր անել՝ աշխատատեղեր ստեղծելու, որ երիտասարդները չլքեն համայնքը։ Ես դեմ եմ, որ որևէ սահմանամերձ գյուղ դատարկվի, ամեն ինչ պետք է անենք, որպեսզի մարդիկ մնան աշխատեն», - հայտարարեց Հովիկ Աբրահամյանը։