Մոլդովան դադարեցրեց «Ռոսիա-24»-ի արտոնագիրը

Ուկրաինա - «Ռոսիա-24»-ը դիտում են ռուսամետ անջատողականների ճամբարում, Լուգանսկ, մայիս, 2014թ․

Մոլդովայի հեռուստատեսության և ռադիոյի խորհուրդը դադարեցրել է «Ռոսիա-24» հեռուստաընկերության արտոնագիրը, ինչպես նաև պատժամիջոցներ է սահմանել մոլդովական չորս հեռարձակող ընկերությունների նկատմամբ:

Խորհուրդը նրանց քննադատել է լուրերի թողարկումներում բազմակարծություն չներկայացնելու համար:

Խորհրդի անդամ Դինու Քոկանը ասել է, որ «Ռոսիա-24»-ի վերլուծական ծրագրերը վատթարագույնն են, ուկրաինական իրադարձությունները ներկայացնում են միակողմանի: «Այդպիսի հեռուստաալիք Մոլդովայում չպետք է հեռարձակվի», - հայտարարել է նա:

Մոսկվայի լրագրողների միությունը քննադատել է Մոլդովայի հեռուստատեսության և ռադիոյի խորհրդի որոշումը:

Իսկ Ռուսաստանի արտգործնախարարությունը վրդովմունք է հայտնել՝ նաև նշելով, որ այդ որոշումը բացասական ազդեցություն կունենա ռուս - մոլդովական հարաբերությունների վրա: