Գալիք սեպտեմբերին Հայաստանի ատոմակայանը (ՀԱԷԿ) 45 օրով կանգնեցվելու է՝ միջուկային նոր վառելիքով վերալիցքավորելու և ընթացիկ վերանորոգումների համար: Այս մասին նշված է Էներգետիկայի նախարարության հաղորդագրությունում:
Ըստ հաղորդագրության՝ էներգետիկայի նախարար Երվանդ Զախարյանը ասել է, թե պետք է հնարավորը արվի ատոմակայանի աշխատանքը շուտ վերսկսելու համար, բայց ոչ անվտանգության հաշվին: Նա հիշեցրել է, որ նախորդ տարի չնախատեսված կանգառների հետևանքով մոտավորապես 320 միլիոն կիլովատտ/ժամ էլեկտրաէներգիա քիչ էր արտադրվել ՀԱԷԿ-ում, ինչի հետևանքով «Հայաստանի էլեկտրացանցեր»-ը ավելի թանկ էլեկտրաէներգիա էր գնել «Հրազդան ՋԷԿ»-ից և Հրազդանի 5-րդ էներգաբլոկից:
Նախարարը նաև տեղեկացնում է, որ ատոմակայանի շահագործման ժամկետը երկարաձգելու համար ռուսական 300 միլիոն դոլարի վարկի բանակցությունները ավարտական փուլում են:
Հիշեցնենք՝ Հայաստանի ատոմակայանի գործող ռուսական էներգաբլոկի պիտանիության ժամկետը ավարտվում է 2016 թվականի վերջին: