Ոստիկանները հսկում են Աֆրիկյանների շենքի հիմնահատակ փլուզումը

Your browser doesn’t support HTML5

Երևանի հուշարձաններից մեկի՝ Աֆրիկյանների շենքի հիմնահատակ փլուզումը հսկում է Հայաստանի ոստիկանությունը։

Մասնավոր տարածքում կատարվող շինարարական աշխատանքները աչքից հեռու պահելն է նրանց գործը. «Սեփականատերը թույլ չի տալիս մտնել տարածք, անգամ՝ նկարահանում կատարել»,- ասացին հովին պատսպարված հասարակության ու պետության շահերի երիտասարդ պահապան-ոստիկանները։

Սեփականատիրոջ շահն ու պահանջը քաջ գիտակցող ոստիկանները, սակայն, տեղից չշարժվեցին, երբ քանդման աշխատանքները խիստ վտանգավոր դարձան անցորդների համար. դա ոստիկաններին չհետաքրքրեց։

Այսօր ժամը 14.00-ի սահմաններում 20-րդ դարասկզբի պատմամշակութային հուշարձանի վերջին պատերը հողին հավասարեցնող բուլդոզերը հարվածեց թիթեղներով ցանկապատված տարածքին, և Տերյան փողոցը փոշու ու քարերի պատճառով դարձավ անանցանելի։ Ոստիկաններն, այնուհադերձ, իրենց հիմնական գործից չկտրվեցին, մեքենայում նստած շարունակեցին պաշտպանել «Միլենիում քընսթրաքշըն»-ի շահերը։ Բայց երբ տեղեկացան, որ հրապարակախոս Զարուհի Հովհաննիսյանը որոշել է ակցիա անել՝ հողին հավասարեցված քարերի շրջապատում ջութակ նվագել, հավելյալ ուժեր կանչեցին՝ ոստիկանական երկրորդ մեքենան։

«Կոմիտասի «Կռունկն» էի նվագում ու մտածում, թե ինչ էր տեղի ունենում 19-րդ դարի վերջին և 20-րդ դարի սկզբին, թե ինչպես ոչնչացվեց մեկ միլիոնին մոտ հայություն, կորցրեց իր պատմական հայրենիքում ապրելու իրավունքը, ու հիմա մենք նույնը տեսնում ենք այստեղ, թե ինչպես ենք մենք հենց այդ 19-րդ դարի վերջի և 20-րդ դարի սկզբի շերտը կորցնում, և դա, ցավոք, անվերադարձ է»,- ասաց հրապարակախոսը։

«Հաջորդ շերտը խորհրդային մոդեռնիստական ճարտարապետությունն է»,- կարծում է Հովհաննիսյանը.- «Օմբուդսմենն այսօր կանգնեց օլիգարխիայի շահերի պաշտպանությանը և ոչ թե հանրային շահի պահպանությանը։ Այսօրվա այդ հայտարարությունը ես բոլորովին լավ չեմ գնահատում, ևս մեկ անգամ օրինականացման գործընթաց է գնում այս ապօրինի այս վայրագ քաղաքականության։ Այդ հայտարարության մեջ կա սողանցք, «ճիշտ է՝ մենք վավերացրել ենք այդ կոնվենցիան, բայց այնուամենայնիվ, ՀՀ օրենքը համապատասխանեցված չէ այդ կոնվենցիային, ըստ այդմ այդքան էլ ապօրինի չէ քանդման գործընթացը»։

«Շատ խորը բան կա, որը կապված է հանրային հիշողության հետ՝ վերացնել ամենն, ինչ հանրային է, մասնավոր դարձնել, կտրել մարդուն հանրույթի գիտակցությունից։ Ինչպես ժողովրդից խլվեց ընտրելու, իշխանություն ձևավորելու իրավունքը, այդպես էլ խլվում է հանրույթ զգալու իր հնարավորությունը։ Ակտիվիստների թևաթափ լինելը նաև հանրույթի պառակտման զգացողությունն է, որ մենք այլևս իրար կապող նուրբ կետեր չունենք, այդ կետերը վերացվում են, աղճատվում են, գնալով քչանում են, և մենք զրկվում ենք հանրային տարածքների այդ զգացողությունից, որ մենք միասնական ենք, որ կարող ենք իրար հետ որևէ բան անել։ Պետությունը ոչնչացնելու ձևը հանրային գիտակցությանը վնասելն է»,- ցավով նշեց հրապարակախոսը։