Ինչ է մտածում Արևմուտքը ռուսական գազի կախվածությունից ազատվելու մասին

Բնական գազի մատակարարումները և ազգային անվտանգությունը մեր օրերում դասվում են աշխարհի ամենադժվար խնդիրների շարքում։ Ռուսաստանն իր գազատարներն օգտագործում է Ուկրաինայի վրա ճնշումներ բանեցնելու նպատակով և մոտ 8Օ տոկոսով բարձրացրել է գազի գինը։ Ռուսաստանը նույնիսկ իր տնտեսական շահերը վնասելով է պատրաստ պահպանել ուրիշների կախվածությունն իրենից, և նույնիսկ սպառնացել է կրճատել դեպի Եվրոպա արտահանվող գազի ծավալները, եթե եվրոպական որևէ երկիր փորձի ստացված գազի մի մասը վերավաճառել Ուկրաինային։

Այս հարցի շուրջ էին Վաշինգտոնի American Enterprise հաստատությունում քննարկումներ անցկացնում «Ռուսական գազը, Եվրոպայի էներգետիկ անվտանգությունը և ԱՄՆ-ի քաղաքականությունը» խորագրով։

Հաստատության ռուսական հարցերով կենտրոնի ղեկավար Լեոն Արոնի խոսքերով, Ռուսաստանը պատրաստ է նույնիսկ կրել ֆինանսական հսկա կորուստներ՝ միայն թե պահպանի գերիշխանությունը։ Նույն հաստատությունից Բենջամին Զիխերի խոսքերով, ռուսական էներգիայի աղբյուրներից հրաժարվելու համար հարկավոր է, որ Եվրոպական Միությունն այսօր մեծ ներդրումներ կատարի քարածուխ այրող գործարաններում։

Brookings հաստատությունից Թիմ Բորսմանը նշեց, որ Ռուսաստանի վրա կարելի է ազդել պատժամիջոցներով միայն այն դեպքում, եթե դրանք երկարաժամկետ են, քանի որ կարճաժամկետ պատժամիջոցների դեպքում Մոսկվան պատարաստ է գնալ թե՛ ֆինանսական, թե՛ տնտեսական զոհողությունների՝ հանուն ուրիշների վրա ազդեցության լծակները չկորցնելու։

Շվեդ տնտեսագետ, Ղրղըզստանում, Ռուսաստանում և Ուկրաինայում տնտեսական հարցերով նախկին խորհրդական Անդերս Ասլունդը, պատասխանելով «Ամերիկայի Ձայն»-ի հարցին, թե արդյոք Ռուսաստանի նպատակը Խորհրդային Միությունը վերականգնելն է, ասաց, թե դրա կարիքը Պուտինը չունի, «դա շատ թանկ է։ Նրա նպատակը միայն Մոսկվայի հեգեմոն դերը վերականգնելն է, այնպես որ կարողանա վետո դնել մյուս երկրների, դաշինքների ու առևտրային միությունների արտաքին քաղաքականության որոշումների վրա։ Սա վերաբերում է նաև Ուկրաինային, Վրաստանին, Հայաստանին ու մյուս հարևաններին»։

Ինքնակալական Ռուսաստանը, նրա խոսքերով, չի ուզում շրջապատված լինել ժողովրդավար պետություններով։ Պուտինն ուզում է դառնալ մարգարե, ու մինչև կյանքի վերջը տիրել որպես բռնակալ։ «Ինչպես Ստալինն ու Լենինը ու մյուս բռնակալները, Պուտինը նույնպես իր ժողովրդին ուզում է համոզել, որ մյուսները դավադրություն են կազմակերպում ընդեմ Ռուսաստանի, և եթե ինքը չպաշտպանի, հակառակորդը կհաղթի»։

Լեոն Արոնը կարծում է, որ Վրաստանն այսօր շարունակում է մնալ մտահոգիչ նաև Սաակաշվիլիից հետո։ «Ռուսաստանը կարծում էր որ Սաակաշվիլին պարզապես մի ուրույն անհատականություն էր։ Սակայն այստեղ ոչ ծայրահեղ-հակառուս կառավարության օրոք նույնպես Վրաստանը գնում է դեպի Արևմուտք։ Վրաստանի բախտն ուղղակի բերել է», - ասում է Արոնը, որ Ռուսաստանն այսօր զբաղված է Ուկրաինայով ու Մոլդովայով։

«Չգիտեմ, թե ինչ քայլեր Ռուսաստանն ավելի ուշ կկիրառի ընդդեմ Վրսաստանի։ Սակայն հաստատ է, որ Մոսկվան իր մտքում ունի որոշակի քայլեր, իսկ Վրաստանն էլ հաստատ է կանգնած դեպի Եվրոպա տանող ճանապարհին»։