Պուտին. ԵՏՄ-ն աշխարհից արգելապատնեշով բաժանվելու խնդիր չունի

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ելույթ է ունեցել Ռուսաստանի դեսպանների խորհրդակցության ժամանակ, որին մասնակցել են նաև Կառավարության և Դաշնային խորհրդի ղեկավարները, փորձագիտական և գործարար շրջանակների ներկայացուցիչներ:

Այս հանդիպման ընթացքում Պուտինի ելույթի հիմնական հարցը ուկրաինական ճգնաժամն էր։ Ռուսաստանի նախագահը Ուկրաինայի արևելքում տեղի ունեցող իրադարձությունների պատասխանատուն համարել է Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոյին՝ հայտարարելով, որ հենց նա է որոշել հրադադարի ռեժիմը չերկարաձգել:

Ղրիմի մասին խոսելով՝ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ իրենք չէին կարող Ղրիմի բնակիչներին թողնել ծայրահեղականների քմահաճույքին, ինչպես նաև թույլ տալ, որ Սևաստոպոլում ՆԱՏՕ-ի ուժերը հայտնվեին:

Խոսելով Եվրասիական տնտեսական միության մասին, Պուտինը հայտարարել է, որ մայիսի 29-ին Աստանայում ստորագրված պայմանագիրը խորհրդանշում է «Տրոյկայի»` Ռուսաստանի, Բելառուսի և Ղազախստանի փոխհարաբերությունների որակապես նոր մակարդակ:

Պուտինը հույս է հայտնել, որ մոտ ապագայում միության լիարժեք անդամ կդառնա նաև Հայաստանը, Ղրղըզստանի հետ բանակցություններ են ընթանում, իսկ Եվրասիական միությունը բաց է ԱՊՀ բոլոր մյուս երկրների համար:

Ռուսաստանի նախագահը նշել է, որ նոր միությունը աշխարհից արգելապատնեշով բաժանվելու խնդիր չունի և որ պատրաստ են քննարկել ազատ տնտեսական գոտիների ստեղծումը ինչպես առանձին պետությունների, այնպես էլ միությունների հետ, և առաջին հերթին` Եվրամիության հետ: Պուտինը շեշտել է, որ իրենք Եվրամությանը դիտարկում են որպես իրենց բնական և կարևոր առևտրատնտեսական գործընկեր: