Գյումրիի բնակիչ Ռուզաննա Թովմասյանը մասնագիտությամբ բուժքույր է։ 12 տարի աշխատանք է փնտրում, սակայն մինչ օրս աշխատանք չի գտնել։ «Ազատության» հետ զրույցում ասում է, որ չի պատրաստվում իր իրավունքների ոտնահարման գնով աշխատանք գտնել։
«Աշխատանք եմ փնտրում ու չկա, ցավոք սրտի, կոնկրետ Գյումրիում ոչ մի աշխատանք չկա, իսկ եթե լինում է՝ տարիքային սահմանափակում ունեն ու չեն ընդունում աշխատանքի։ Մարդիկ տանն են, աշխատանք չունեն կամ էլ 1500 դրամով աման են լվանում։ Կոնկրետ Գյումրիում բուժքույրը պահանջված չէ։ Մեզ մոտ ոչ մի աշխատանք պահանջված չէ, իսկ կա որ ստրուկի պես աշխատացնում են 8-12 ժամ ու ընդամենը 1200 կամ 1500 դրամ են վճարում։ Դա էլ արդեն մարդու իրավունքների խիստ ոտնահարում է»,- ասաց Թովմասյանը։
Գյումրիում զբաղվածության կենտրոնում ընդամենը 9000 աշխատանք փնտրող գործազուրկ կա հաշվառված: Իրականում այդ թիվը շատ ավելին է:
Զբաղվածության տարածքային կենտրոնի տնօրեն Ամալյա Ադամյանն «Ազատության»ը փոխանցեց, որ այս տարի մեծացել է հատկապես կենտրոն դիմող տղամարդկանց թիվը։
Գործազրկության ամենաբարձր ցուցանիշ ունեցող Գյումրիում գործազուրկը շատ դռներ թակելուց հետո շատ դեպքերում այդպես էլ աշխատանք չի գտնում, քանի որ տարիքային սահմանափակում է դրվում ու աշխատանքային փորձ են պահանջում: Իսկ եթե գտնում են, ապա շատ ցածր աշխատավարձով:
Աշխատաշուկայում հիմնական պահանջարկը սպասարկման ոլորտից է, սակայն կան նաև բացառություններ: Օրինակ, Սեյսմիկ ծառայության Հյուսիսային բաժանմունքը 7 մասնագիտությամբ թափուր հաստիքներ ունի, սակայն բաժանմունքի տնօրեն Կարեն Մխիթարյանն «Ազատության» հետ զրույցում ասում է, որ համապատասխան մասնագետներ այդպես էլ չի կարողանում գտնել։
«Հիմնականում նեղ մասնագետներ են՝ երկրաբան, ռադիոֆիզիկ, աշխարհագրագետ, երկրաֆիզիկ, բայց, ցավոք սրտի, նեղ մասնագետներ դեռ չեն դիմել, հիմնականում շինարարներ են դիմել ու աշխարհագրագետներ։ Նույնիսկ մենք համաձայն ենք նոր մագիստրատուրա ավարտած մասնագետներին ներգրավել մեր աշխատանքներում, սակայն այդ երիտասարդներին գտնել չենք կարողանում»,- ասաց Մխիթարյանը։
Խոսելով պատճառների մասին՝ Մխիթարյանը նշեց, որ պատճառը ցածր աշխատավարձերն են.- «80-100 հազար կեղտոտ աշխատավարձն է, առձեռն կստանան 60-80 հազարի կարգի։ Սպասարկման ոլորտի աշխատանքներն ավելի գայթակղիչ են, իրատեսական ու հետաքրքիր, քան գիտության ոլորտի ներկայացրած առաջարկները»։