Տավուշի մարզում սահմանամերձ շրջաններում իրադրությունը հանգիստ է

Պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանի փոխանցմամբ` անցած գիշեր Տավուշի մարզի Ադրբեջանին սահմանակից գյուղերի ուղղությամբ ադրբեջանական կողմի բացած կրակին ի պատասխան ձեռնարկած գործողություններով Հայաստանի զինված ուժերը հարկադրել են հակառակորդին լռել, և այժմ իրադրությունը հանգիստ է:

«Հայ-ադրբեջանական սահմանին այս պահի դրությամբ նորմալ իրավիճակ է, կրակոցներ և ակտիվ խախտման դեպքերը չկան: Տեղի ունեցածը եղել է երեկ երեկոյան ժամը 10-ի սահմաններում, հակառակորդը Տավուշի մարզի մի քանի գյուղերի ուղղությամբ կրակ է բացել, կրակել է նաև մեծ տրամաչափի գնդացիրներից: Հայկական կողմի կրակից հետո են միայդ դադարեցրել կրակը», - «Ազատության» հետ զրույցում փոխանցեց Հովհաննիսյանը` շարունակելով. - «Հայկական կողմը կրակել է իրենց մարտական դիրքերի ուղղությամբ: Մեր կողմից որևէ կորուստներ չկան: Իրենք կրակել են գյուղերի ուղղությամբ, մենք պատասխանել ենք` դիրքերի»:

Տավուշի մարզի Մովսես գյուղի գյուղապետ Արարատ Ավալյանն «Ազատության» հետ հեռախոսազրույցում ասաց. - «Ներկա պահին հանգիստ է, առանձնապես խնդիրներ չունենք»:

Անցած գիշերվա մասին Ավալյանը պատմեց, որ կրակոցները հնչել են շուրջ երեք ժամ. - «11-ն անց 35 րոպե երկու հատ արկ է եկել գյուղի տարածքի վրա: Զոհեր, վիրավորներ, բարեբախտաբար, չունենք»:

Նրա խոսքով` ավերածությունները մեծ չեն. - «Եկեղեցու գմբեթին ա խփել, գյուղապետարանի պատերին, հետքերը կան: Բայց եթե ասեմ նյութական վնասներ, մենք սենց բաները չենք հաշվում»: