Սահմանադրական բարեփոխումները քննարկվել են նաև Մայր Աթոռում

Լուսանկարը՝ Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի

Սահմանադրական բարեփոխումների նախագիծը օրերս քննարկվել է նաև Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում։

Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի փոխանցմամբ՝ հանրային քննարկումների շրջանակներում կայացած հանդիպմանը Ամենայն Հայոց Գարեգին երկրորդ կաթողիկոսի գլխավորությամբ մասնակցել է Մայր Աթոռի միաբանությունը, թեմակալ առաջնորդներ։

Քննարկմանը հրավիրված Սահմանադրական դատարանի նախագահ, Հայաստանի նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Հարությունյանը հանգամանորեն ներկայացրել է բարեփոխումների կարևորությունը և տվել միաբաններին հուզող հարցերի պատասխանները։

Հանդիպման ավարտին եկեղեցականները հույս են հայտնել, որ լրամշակված հայեցակարգերը և նախատեսվող բարեփոխումները կծառայեն հայրենիքի հզորացմանն ու ժողովրդի բարօրությանը։